Թրամփը հետ է կանչելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին և այլ բարձրաստիճան դիվանագետների շուրջ 30 երկրից

Թրամփի վարչակազմը հետ է կանչելու շուրջ 30 ԱՄՆ դեսպանների և այլ բարձրաստիճան դիվանագետների։ 

Նրանց թվում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որը նշանակվել էր այս պաշտոնին 2023 թվականին։

Թվով ամենաշատ ԱՄՆ դեսպաններ փոխվելու են Աֆրիկայի 13 երկրներում։ Ասիայում դեսպանների փոփոխություններ են սպասվում 6 երկրներում, իսկ Եվրոպայում և Միջին Արևելքում փոփոխվելու են Հայաստանում, Սլովակիայում, Մոնտենեգրոյում, Մակեդոնիայում, Եգիպտոսում, Ալժիրում ԱՄՆ դեսպանները։

Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակ։

Ըստ Politico-յի` Թրամփի վարչակազմը չի վստահում Պետդեպարտամենտի բարձրաստիճան դիվանագետներին, որոնք պաշտոնները ստացել են դեմոկրատների օրոք։ Նրանցից շատերին Պետդեպում համարում են «լիբերալիզմի բաստիոն»։ Թրամփի վարչակազմն արդեն իսկ հազարավոր աշխատակիցների է հեռացրել, և սա փոփոխությունների ալիքի շարունակությունն է։

Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ փոփոխությունները «ցանկացած վարչակազմի ստանդարտ գործընթաց է», և որ ԱՄՆ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է, և նախագահի իրավունքն է այդ երկրներում ունենալ անհատներ, որոնք առաջ են մղում «Ամերիկան առաջինը» օրակարգը»: 

Սակայն, ըստ Politico-յի աղբյուրների, նման կտրուկ փոփոխությունը դժվար է համարել ստանդարտ գործընթաց, Թրամփը ցանկանում է դեսպանների պաշտոնում ունենալ միայն իրեն հավատարիմ մարդկանց։

Որոշ ԱՄՆ օրենսդիրներ իրենց մտահոգությունն են հայտնել այս որոշման մասով։ 

«Մենք ունենք մոտ 80 դեսպանի թափուր պաշտոն…. այնուամենայնիվ, նախագահ Թրամփը ԱՄՆ-ի առաջատար դիրքը զիջում է Չինաստանին և Ռուսաստանին՝ հեռացնելով որակյալ կարիերային դեսպաններին, որոնք հավատարմորեն ծառայում են՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին»,- նշել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, Նյու Հեմփշիր նահանգից սենատոր Ջին Շահինը։

Գլխավոր լուսանկարը՝ armradio.am



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment