Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա նախամանորյա ավանդական խնջույքն է, այսպես ասած՝ ռուսական ուղեծրի երկրների ղեկավարների կորպորատիվ հավաքը, փարթին։ Այս հավաքով Մոսկվան աշխարհին ցույց է տալիս, թե որ երկրներն են ռուսական ադեցության գոտում։
Ւ՞նչ գործ ունի այս խնջույքում անկախության և ժողովրդավարության պաշտպան Փաշինյանը։
Անսկզբունքայնությունը քաղաքականության մեջ հարգելի չէ, հատկապես, երբ դիրքորոշում փոփոխելու լուրջ հիմքեր չկան։ Նախորդ 2-3 տարիներին արևմտամետ ուժերը հորդորում էին Փաշինյանին չմեկնել Մոսկվա, հիշեցնում էին, թե Մոսկվան ինչ դեր է ունեցել հայ ժողովրդին պատճառված վերջին ազգային ողբերգություններում, հիշեցնում էին, որ ՌԴ-ն չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխան իրավունքները, աջակցել է Ադրբեջանին Արցախը զավթելու, հայերին բռնի տեղահանելու, ՀՀ-ի դեմ ագրեսիա կազմակերպելու և որոշ տարածքներ զավթելու հարցերում։ Իսկ հիմա, այդ նույն հորդորները չեն հնչում նույն ճամբարներից։
Այստեղ ինչ-որ բան դուրս է ողջամիտ տրամաբանությունից։ Մոսկվան չի փոխվել, չի պարտվել պատերազմում, չի դարձել ժողովրդավարական, չի ճանաչել ու դատապարտել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Ռուսները ՀՀ-ի դեմ շարունակում են հիբրիդային պատերազմը, որի դեմն առնելու համար ԵՄ-ն միլիոններ է տալիս ՔՊ-ին, քանի որ ՀՀ-ն ԵՄ-ին միանալու գործընթաց է սկսել։ Բայց Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա ու մասնակցում Պուտինի նախաամանորյա խնջույքին, աշխարհին ցույց տալով, որ ՀՀ-ն մնում է ռուսական ուղեծրում, իսկ արևմտամետ ուժերը լուռ շարունակում են աջակցել ՔՊ-ին։
Ով ո՞ւմ է ուզում խաբել այս զավեշտալի, իրարամերժ համապատկերում։
Առաջին թիրախն, իհարկե, հայ ժողովուրդն է։ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ վարքն առաջին հերթին ազդում է ժողովրդի սոցիալ հոգեբանության վրա։ Մարդկանց թվում է, թե քաղաքականության մեջ նորմալ է իրարամերժ բաներ ասելը, հակադիր դիրքորոշումներ արտահայտելը։ Այսպիսով՝ խեղվում է սոցիալ հոգեբանությունը, և գլուխ են բարձրացնում անպատասխանատվությունը, անառակությունն ու անբարոյականությունը։
Երկրորդը՝ քայքայվում են քաղաքական համակարգի բարոյական սյուները։ Ո՞ւր են ԵՄ անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքին կողմ քվեարկած պատգամավորները, չեն տեսնո՞ւմ, որ Փաշինյանը հակառակ ուղղությամբ է գնում։ Կամ ո՞ւր են 60 հազար ստորագրություն հավաքողները, չեն տեսնո՞ւմ, որ ՔՊ-ն կրկին ֆորպոստացման է տանում Հայաստանը։ Ինչո՞ւ նրանցից ոչ ոք չի քննադատում Փաշինյանի ռուսամետ կուրսը։ Թե՞ ԵՄ անդամակցելու ուղին, նրանց պատկերացմամբ՝ անցնում է Մոսկվայով։
Անհասկանալի է նաև Փաշինյանի լռությունը Բաքվում պահվող գերիների հարցով։ Օրինակ՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում այս թեման շոշափվել է, և Թրամփը խոստացել է ինչ-որ բան անել գերիների ազատման հարցում։ Ինչո՞ւ Մոսկվայում չքննարկվեց գերիների հարցը, ինչո՞ւ Փաշինյանը երկար ելույթում մեկ անգամ չհիշեց գերիների ազատ արձակման մասին։
Կարճ ասած՝ Փաշինյանի Մոսկվա գնալն ու Պուտինի կորպորատիվ խնջույքին մասնակցելը հերթական անգամ հիմք տվեց ասելու, որ Հայաստանը մնում է ռուսական ուղեծրում, ո՛չ անկախության ու ժողովրդավարության պաշտպանության շարժում կա, ո՛չ էլ ԵՄ-ին միանալու գործընթաց։ Այսինքն՝ Փաշինյանը կրկին վառ ռուսամետ է դարձել, ինչը հղի է աղետալի հետևանքներով։
Թաթուլ Մկրտչյան