Համբարձում Մաթևոսյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «GeoLab. ապագայի միջավայր» միջոցառմանը

Համբարձում Մաթևոսյանը Երևանի պետական համալսարանում  մասնակցել է «GeoLab. ապագայի միջավայր» միջոցառմանը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Երևանի պետական համալսարանում  մասնակցել է «GeoLab. ապագայի միջավայր» միջոցառմանը:

Պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նման ձևաչափի միջոցառումները կարևոր են, քանի որ ստեղծում են իրական կապ՝ լսարանի, լաբորատորիայի և արտադրական միջավայրի միջև՝ ձևավորելով կիրառելի գիտելիք և պահանջված մասնագիտական հմտություններ։

ԵՊՀ ռեկտոր պարոն Հովհաննիսյանի ուղեկցությամբ և ֆակուլտետի ներկայացուցիչների հետ նախարարը շրջայց է իրականացրել  Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում։ Նախարարը ծանոթացել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի և ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի համագործակցության շրջանակում կահավորված լսարաններին և ստեղծված ուսումնագիտական հնարավորություններին։

Այնուհետև նախարար Մաթևոսյանը մասնակցել է միջոցառման հիմնական մասին և հանդես եկել ելույթով։ Ելույթում նա ընդգծեց, որ բնապահպանական և ընդհանրապես բնական ռեսուրսների կառավարման ոլորտներն այսօր պահանջում են նոր որակ՝ ժամանակակից գիտական մոտեցումներով, տեխնոլոգիական մտածողությամբ և պատասխանատու մասնագիտական մշակույթով։

«Հանքարդյունաբերության ոլորտը մի կողմից տնտեսության կարևոր հենասյուն է, մյուս կողմից՝ բնապահպանական ռիսկերի կառավարման բարձր պահանջ ունեցող ոլորտ։ Այստեղ հաջողությունը չափվում է ոչ միայն արտադրական ցուցանիշներով, այլ նաև՝ ազդեցությունների գնահատման որակով, կանխարգելման ու պատասխանատվության մեխանիզմներով։ Նրա խոսքով՝ հենց այստեղ է, որ համալսարան–արդյունաբերություն համագործակցությունը դառնում է իրական առաջընթացի շարժիչ»,-նշել է նախարարը։

Նախարարը նշել է, որ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք ոչ միայն տեսականորեն պատրաստված են, այլ նաև հասկանում են դաշտային աշխատանքի, տվյալների վերլուծության, ռիսկերի գնահատման և կայուն լուծումների մշակման արժեքը։

Նախարարը կարևորել է այն մոտեցումը, երբ մասնավոր ընկերությունը բացում է իր պրակտիկ օրակարգը գիտական համայնքի համար՝ թույլ տալով, որ ուսումն ու հետազոտությունը մոտ լինեն իրական խնդիրներին։ Այդ դեպքում արդյունքը դառնում է երկկողմ շահավետ համալսարանը կրթում է շուկային պատրաստ, մտածող մասնագետ, իսկ ընկերությունը ստանում է ուժեղ գիտական հենարան՝ ավելի ճշգրիտ չափումների, ավելի հիմնավորված գնահատումների և ավելի արդյունավետ բնապահպանական կառավարման համար։

Նախարարն ընդգծել է, որ նման համագործակցություններն օգնում են կրթական ծրագրերը կապել իրական պահանջարկի հետ, բարձրացնել կրթության որակը և հարստացնել այն փորձով, իսկ երիտասարդներին տալիս են վստահություն՝ ընտրած ուղին շարունակելու և ոլորտում իրենց տեղը գտնելու համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՊՀ ղեկավարությանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ներկայացուցիչներին և Կապանի ԼՀԿ գործընկերներին՝ հետևողական աշխատանքի, նախաձեռնողականության և կրթությանը տրվող կարևորության համար։

Նա վստահություն է հայտնել, որ «GeoLab. ապագայի միջավայր»-ի շուրջ ձևավորված հարթակը շարունակելու է զարգանալ՝ նոր ծրագրերով, նոր գաղափարներով և նոր արդյունքներով, որոնք կծառայեն թե՛ մասնագիտական համայնքի կայացմանը, թե՛ երկրի կայուն զարգացման նպատակներին։

Leave a Comment