Իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ քողարկված սպառնալիքով է դիմել․ վարդապետ Զարգարյան

Ռուբեն վարդապետ Զարգարյանը հայտարարել է, որ իշխանության ներկայացուցիչերից մեկը հոգևոր սպասավորներին է դիմել «բացահայտ շանտաժի տրամաբանությամբ կամ քողարկված սպառնալիքով»։

Ըստ նրա գրառման, որտեղ անուններ չի նշել, իշխանության ներկայացուցիչն իրենց դիմել է եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի շուրջ տեղի ունեցող գործողությունների շրջանակում։

«Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ դիմել է ու ասել՝ կա՛մ սպասարկում եք տասը եպիսկոպոսների, իբր, նորոգման օրակարգը, կա’մ մնում եք ԿԳԲ-ի օրակարգի մեջ: Հետևելով Քրիստոսի օրինակին, որ չերկխոսեց չարի հետ, այլ ամեն փորձության պատասխանեց Աստծո խոսքով, ասում եմ. «Հետև՛ս գնա, սատանա՛»,- գրել է վարդապետը։

Նա նշել է, որ միանում է Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել սրբազանի խնդրանքին և Վեհափառին կոչ անում անհողդողդ և անսասան մնալ։

Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։

Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի էր ունեցել հավաք՝ ի աջակցություն կաթողիկոսի, զուգահեռաբար նրա այնտեղ հավաքվել էին նաև Վեհափառի դեմ արտահայտված կառավարության կողմնակիցները, այդ թվում՝ 10 հոգևորականները, ովքեր նույն օրը նամակ էին հանձնել Սուրբ Էջմիածնի քարտուղարություն՝ պահանջելով վեհափառի հրաժարականը։

Կարդացեք նաև՝

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Ինձ վերագրվող տեսանյութերը կեղծիք են և սուտ․ Արշակ արքեպիսկոպոս
Փաշինյանի այցը Գյումրի․ զուգահեռ պատարագներ և ակցիա՝ ի նշան բողոքի

Leave a Comment