
Հունվարի վերջին նախատեսվում է Տոկիոյի կենդանաբանական այգուց երկվորյակ պանդաներին վերադարձնել Չինաստան։ Այս մասին հայտնել է ճապոնական Kyodo-ն։
Նշվում է, որ կենդանիների վերադարձից հետո ճապոնական կենդանաբանական այգիները 53 տարվա ընթացքում առաջին անգամ կմնան առանց պանդաների։
Լրատվամիջոցը նշում է, որ առաջին պանդաները Չինաստանից Ճապոնիա են տեղափոխվել 1972 թվականին՝ ի նշան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման։ Սակայն, Պեկինի և Տոկիոյի միջև լարվածության աճի ֆոնին, ճապոնական կենդանաբանական այգիներում նոր պանդաների հեռանկարները մնում են անորոշ։
Հարկ է նշել, որ բոլոր պանդաները համարվում են Չինաստանի սեփականություն. նույնիսկ արտասահմանում ծնված կենդանիները արտասահմանյան կենդանաբանական այգիներ են տեղափոխվում միայն վարձակալության պայմանագրով։ Այս սկզբունքը ամրագրված է այսպես կոչված «պանդա դիվանագիտության» մեջ, որը Պեկինն օգտագործում է որպես արտաքին քաղաքականության գործիք։