ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը

Քաղաքականություն

21.12.2025 | 14:30

ԱՄՆ-ը կրկին միջազգային ջրերում գրավել է Վենեսուելայից նավթ տեղափոխող տանկեր։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, փոխանցում է DW-ն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ափապահպան ծառայությունը լուսաբացին ստանձնել է նավի վերահսկողությունը։

Վենեսուելայի իշխանությունները կատարվածը «միջազգային ծովահենության լուրջ արարք» են անվանել և մեղադրել են ԱՄՆ-ին «նավի գողության ու առևանգման», ինչպես նաև «անհետացած անձի» հանցակազմով գործողությունների համար։ Կարակասը հայտարարել է, որ մտադիր է միջադեպը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Սպիտակ տան փոխխոսնակ Աննա Քելլին հայտարարել է, որ տանկերը շարժվել է «կեղծ դրոշի ներքո» և եղել է «վենեսուելական ստվերային նավատորմի մաս», որն օգտագործվում է «գողացված նավթի մաքսանենգության և Մադուրոյի նարկոտեռորիստական ռեժիմի ֆինանսավորման» համար։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարն էլ խոստացել է կոշտ միջոցներ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն շարունակելու է պայքարել պատժամիջոցների տակ գտնվող նավթի անօրինական փոխադրման դեմ։

Բրիտանական ծովային ռիսկերի գնահատման Vanguard ընկերության տվյալներով՝ գրավված նավը Պանամայի դրոշի տակ լողացող Centuries տանկերն է, որը առգրավվել է Բարբադոսի արևելքում։ Սակայն ծովային իրավունքի մասնագետ Ջերեմի Փաները նշել է, որ այս տանկերը ԱՄՆ պատժամիջոցների տակ չի գտնվում։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների տակ չգտնվող նավի առգրավումը վկայում է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Վենեսուելիայի վրա ճնշումների հետագա ուժեղացման մասին և հակասում է ավելի վաղ հայտարարված դիրքորոշմանը, ըստ որի՝ գործողությունները պետք է վերաբերեն միայն պատժամիջոցների տակ գտնվող նավերին։

Leave a Comment