Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ որպես արժեքավոր ռազմավարական գործընկեր՝ խաղաղությունը, բարգավաճումը խթանելու և Հարավային Կովկասի տնտեսական ներուժը բացահայտելու համար։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։ «Երեկ ԱՄՆ և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները անցկացրել են երկկողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որը ստեղծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական Խաղաղության գագաթնաժողովում ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Դեսպանատունը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային կապի և առևտրի ամրապնդման, տնտեսական ներդրումների զարգացման, այդ թվում՝ արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների նախագծերի, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեղ քայլերը։