Ես այն համոզմունքն ունեմ, որ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնում է ադրբեջանական որևէ ապրանք, ապա հովանավորում է ադրբեջանական բանակին, որը ընդամենը հինգ տարի առաջ սանձազերծեց 44-օրյա պատերազմը, սպանեց 4000-ից ավելի հայ զինվորի, 2022 թվականին հարձակվեց Հայաստանի վրա և գրավեց ՀՀ տարածքներ, 9 ամիս շրջափակման մեջ պահեց Արցախը, իսկ 2023 թվականին հարձակվեց Արցախի վրա, որտեղ երկու օրերի ընթացքում եղան 500-ից ավելի զոհեր։ Այդ օրերին Արցախում տեղի ունեցավ նաև բենզինի պահեստի պայթյուն, որն, իմ համոզմամբ, պատահական չէր, իսկ 150 հազար արցախահայեր դարձան գաղթական։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Նավթամթերքի առևտրից և առհասարակ առևտրաշրջանառությունից հայկական կողմը ոչինչ չի շահել։ Հարց եմ տալիս՝ Ադրբեջանից գնված բենզինը քանի տոկոսով է էժան լինելու, որքանով է վաճառվելու Հայաստանի բենզալցակայաններում։ Եթե նույն գնով է վաճառվում, ինչ Ռուսաստանից կամ այլ երկրից գնվածը, ուզում եմ հասկանալ՝ դրա իմաստը ո՞րն է․ հերթական անգամ Ալիևին քծնե՞լը։ Հայկական կողմը կրկին փորձում է ստորաքարշություն անելով ինչ-որ մեկին հավատացնել, որ մենք լա՞վն ենք»,- ասաց նա։
Նրա դիտարկմամբ՝ եթե հայ-ադրբեջանական, այսպես ասած, խաղաղությունը երկկողմանի է, ապա ադրբեջանական կողմը, պարզ տրամաբանությամբ, պետք է մեզանից կոնյակ գներ։ «Մենք 1300 տոննա ադրբեջանական վառելիք ենք գնել, իրենք էլ թող 1300 տոննա կոնյակ գնեն։ Այսպիսով երկուսդեք ցույց կտային, որ երկու կողմն էլ գնում է խաղաղության։ Սակայն մենք երբեք դա չենք տեսնի, որովհետև ադրբեջանական կողմը երբեք չի թաքցրել իր ատելությունն ու զզվանքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»։
Հետևապես, եթե մենք որոշում ենք փոխել մեր ռազմավարական ապրանքների գնման ուղղությունը և փորձում ենք այդ ռազմավարական ապրանքը գնել թշնամուց, պետք է հիշել, որ այդ երկրում պաշտոնյաների ելույթներում հակահայկական հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել։ Նրանք շարունակում են մեզ թշնամի համարել, իսկ Նիկոլի քծնանքը, Ալիևի կոշիկները ամեն վայրկյան լիզելու պատրաստակամությունը ադրբեջանցիների մոտ ստեղծել է տպավորություն, որ հայերը վախկոտ են, ստորաքարշ, և կարելի է նրանց էլ ավելի ստորացնել ու նվաստացնել։
Նրա գնահատմամբ՝ այսօր գնված բենզինով մենք վճարելու ենք, որպեսզի Ադրբեջանը ձեռք բերի ավելի շատ հեռահար հրթիռներ և ռազմական ինքնաթիռներ, որոնք վաղը կամ մյուս օրը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության դեմ։ «Գիտե՞ք, մարդը ինչքան դասական անասուն պետք է լինի, որ մտածի, թե Ադրբեջանը զինվում է Իրանի կամ Ռուսաստանի վրա հարձակվելու համար։ Այդպիսի անասունություն ես լսում եմ միայն Հայաստանի Հանրապետության որոշ իշխանամետ շրջանակների կողմից։
Բոլորը շատ լավ գիտեն, որ ադրբեջանական բանակը չի զինվում Իրանի կամ Ռուսաստանի վրա հարձակվելու համար, դա դասական ապուշություն է, այլ հենց Հայաստանի Հանրապետության դեմ ապագա պատերազմի նախապատրաստություն է։ Ուստի ես առաջարկում եմ բոյկոտել ադրբեջանական բենզին վաճառող գործարարի՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայաններից բենզինի առևտուրը։
Լրատվամիջոցներից պարզ է դառնում, որ իբր անհայտ մարդ է Ադրբեջանից բերել այդ բենզինը, սակայն Հայաստանի Հանրապետությունում այն գնել է իշխանական պատգամավոր-օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը։ Ես կոչ եմ անում իմ հայրենակիցներին, հայրենասեր հայերին՝ չօգտվել այդ անձին պատկանող բենզալցակայաններից։ Անկեղծ ասած՝ չգիտեի, թե որոնք են դրանք, ուսումնասիրել եմ և ինձ համար պարզել, որ այդ մարդու ընտանիքին են պատկանում «Ռան Օյլ» և «Գալֆ» բենզալցակայանները։ Խաչատուր Սուքիասյանի գնած բենզինով հովանավորվում է ադրբեջանական բանակը»,- ասաց Համբարյանը։