Կալանավորված արքեպիսկոպոսներն Էջմիածնում 10 եպիսկոպոսների հավաքն անվանել են «նորագույն պատմության խայտառակ էջ»

Կալանավորված արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանն ու Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 18-ին Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած իրադարձություններն անվանել են նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը, ասվում է ԱԱԾ մեկուսարանից արած նրանց հայտարարության մեջ:

Բարձրաստիճան հոգևորականների խոսքով՝ «հակաեկեղեցական հրոսակախումբը իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայր Աթոռ՝ փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը»։

«Քստմնելի էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին», – նշել են արքեպիսկոպոսները:

Բագրատ Գալստանյանն ու Արշակ Խաչատրյանը իրենց հավատարմությունն են վերահաստատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և իրենց համերաշխությունը հայտնել հոգևորականներին և ժողովրդին:

Մայր Աթոռում դեկտեմբերի 18-ին ակցիա էր անցկացվել՝ ի պաշտպանություն Գարեգին Բ վեհափառի, միաժամանակ այնտեղ հավաքվել էին նաև նրա հրաժարականը պահանջողները: Տասը եպիսկոպոսներ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ էին հանձնել Մայր Աթոռի քարտուղարություն: Վերջիններս նոյեմբերին կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել»:

Leave a Comment