Հայաստանը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել Ռուսաստանին

Հայաստանի գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Ռուսաստանի գլխավոր դատախազություն՝ քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Դատախազությունը դիմելու է Ռուսաստան՝ Կոստանյանի և Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտնել է, որ Կոստանյանն ու Հարությունյանը շարունակում են մնալ հետախուզման մեջ: Քննության վարկածով՝ Հարությունյանը ներգրավված է իրեղեն ապացույցների նենգափոխման և 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տվյալների խեղաթյուրման մեջ։ Մարտի 1-ի գործը կապված է 2008թ.Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ նախագահական ընտրություններից հետո ընդդիմության բողոքի ակցիաները վերաճել էին ցուցարարների և ուժային կառույցների միջև բախումների:

Անկարգությունների ընթացքում զոհվել է 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Հետաքննությունը երկար տարիներ համարվել է քաղաքականապես զգայուն թեմա. տարբեր ժամանակահատվածներում իշխանությունները միմյանց մեղադրել են անհամաչափ ուժ կիրառելու, լիազորությունները գերազանցելու և գործողության մանրամասները թաքցնելու մեջ:

Leave a Comment