Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչները և Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանը քննարկել են նոր համատեղ սահմանային անցակետի՝ «Մետաքսի ճանապարհ- İpek Yolu»-ի կառուցման հարցը, հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի հարկային ծառայության մամուլի հաղորդագրությանը։
Նշվում է, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերիան և Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը։ Կողմերը շեշտել են նոր անցակետի կառուցման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի տարանցիկ ներուժի զարգացման նախապայման։
Վրաստանի հարկային ծառայության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են մաքսային ընթացակարգերի պարզեցումը և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության խորացումը։ Քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի մաքսային և միջազգային գերատեսչությունների, ինչպես նաև Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչներ։
Վերջին շաբաթներին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ քննադատական հաղորդագրություններ, որոնց ֆոնին ենթակառուցվածքային նախագծերի քննարկումը դիտվում է որպես Բաքվի և Թբիլիսիի միջև համագործակցության և տարանցիկ կապերի ամրապնդմանն ուղղված քայլ։
