Փաստաբան․ Մեղադրանքը շինծու է, հասնելու ենք, որ հաստատվի Աղազարյանի անմեղությունը

Փաստաբան․ Մեղադրանքը շինծու է, հասնելու ենք, որ հաստատվի Աղազարյանի անմեղությունը

20 դեկտեմբերի 2025 – 12:33 AMT

PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, կայացել են ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով նախնական դատալսումները։

Աղազարյանի պաշտպան Աննա Ծառուկյանը հայտարարել է, որ նրա դեմ հետապնդումը քաղաքական բնույթ ունի և սկիզբ է առել քաղաքական տարաձայնություններից հետո։ Նա հայտարարվել է նաև, որ Աղազարյանը չի ճանաչում իր մեղավորությունը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Մեղադրանքը շինծու է, հասնելու ենք, որ հաստատվի Աղազարյանի անմեղությունը»,–ասել է նա։

Հովիկ Աղազարյանն էլ իր ելույթում նշել է․ «Գործի ուսումնասիրությունից պարզ է պատվեր կատարելու գործընթացը, դատախազն անաչառ չէ»։

Նա հավելել է, որ որոշ զրույցների ժամանակ հնչել են առաջարկներ օգնության վերաբերյալ, սակայն եթե իր նկատմամբ՝ իբրև թե, առերևույթ կաշառք վերցնելու հիմքով վարույթ է սկսվել, ապա ինչու դատախազը տեղյակ չէ, որ Արամ Մկրտչյանի նկատմամբ որևէ վարույթ հարուցված չէ։

2024-ի դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր, որ մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» և հրաժարվել է վայր դնել իր պատգամավորական մանդատը։ Դեկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Այդ որոշման հիմնավորումը եղել է պետական ու կուսակցական կարևոր տեղեկությունների արտահոսքի, ինչպես նաև հանրային բարոյական նորմերի լուրջ խախտման հանգամանքները։

Հետագայում, Աղազարյանի դեմ հարուցվել են քրեական հետապնդումներ երեք առանձին վարույթների հիման վրա։ Դրանցից մեկը վերաբերում է «մանր եղջերավորների» ներմուծման դեպքին։ Ըստ այդ գործի նյութերի՝ 2023 թվականի օգոստոսի 8-ին Սլավիկ Կարապետյանը, գործելով իր աներոջ խնդրանքով, դիմել է Սլավիկ Պողոսյանին, ով էլ խնդրանքով դիմել է Հովիկ Աղազարյանին՝ առաջարկելով 200,000-ից մինչև 300,000 դոլար՝ առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիների արտահանման կազմակերպման դիմաց։ Գործով արձանագրվել է, որ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Աղազարյանը իբրև թե համաձայնություն է տվել առաջարկին։ Այս դրվագով Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է սկսել։

Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական գործով քննիչի հաղորդումը, որի համաձայն՝ քրեական գործի շրջանակում իրականացված թվային խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տեսաձայնագրություններ։ Դրանցում, ըստ տեղեկությունների, Արամ անունով քաղաքացի դիմել է Հայկ Նազարյանին՝ տեղեկացնելով, որ 2021 թվականին մաս-մաս ընդհանուր 23,000 դոլար և 300,000 դրամ է փոխանցել ԱԺ պատգամավորին՝ նրա աջակցությունը ստանալու նպատակով։ Նշվել է, որ այդ գումարը տրվել է՝ համապատասխան պետական մարմիններից քանդման և նոր կառուցապատման թույլտվություններ ստանալու դիմաց։ Այս փաստով ևս հարուցվել է քրեական վարույթ, որն այժմ միացվել է «մանր եղջերավորների» գործին։

Leave a Comment