20 դեկտեմբերի 2025 – 13:20 AMT
PanARMENIAN.Net – ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ֆինանսական աջակցության և տեղական գործընկերների հետ, Մալիշկա գյուղում (Վայոց ձոր) և Բարձրավան համայնքում (Սյունիք) հիմնել է երկու նոր կենտրոն, որոնք նախատեսված են երեխաների համար։
Վերանորոգված այս կենտրոնները ստեղծել են անվտանգ և ներառական պայմաններ 5-15 տարեկան երեխաների համար՝ ներառյալ փախստական ընտանիքների երեխաները։
Մալիշկայում, որտեղ ապրում է ավելի քան 350 երեխա՝ ներառյալ 48 փախստական, և Բարձրավանում, որտեղ հաշվվում է 19 երեխա, որից 12-ը փախստական են, երեխաները այժմ օգտվում են սոցիալական շփման ու էմոցիոնալ առողջությանն աջակցող հնարավորություններից։
Կենտրոնների վերանորոգման ու կահավորման որոշումն ընդունվել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ՝ հիմնվելով երեխաների կարիքների համապարփակ վերլուծության վրա։
Վերլուծությունն ի հայտ է բերել երեխաների համար անվտանգ ու համակարգված միջավայրի անհետաձգելի պահանջը։ Համայնքները պարտավորվել են իրենց բյուջեներում նախատեսել կենտրոնների շարունակական գործունեության ապահովումը՝ տրամադրելով կոմունալ վճարների և աշխատակիցների աշխատավարձերի համար անհրաժեշտ միջոցները։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք ասում ենք, որ յուրաքանչյուր երեխայի համար պետք է հասանելի լինեն անվտանգ, ջերմ և աջակցող կենտրոններ իրենց իսկ համայնքներում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին։
«Այս կենտրոնները հատկապես կարևոր են այն համայնքներում, որոնք ընդունել են փախստական երեխաների և դեռահասների, ովքեր վերապրել են կորուստ, տեղահանում և հոգեսոցիալական սթրես»,- նշել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության մշտական ներկայացուցիչ պրն Ջունջի Վակույին։
«Երեխաների համար նախատեսված նոր կենտրոնների ստեղծումը վկայում է, որ երբ համայնքը, գործընկերներն ու քաղաքացիական հասարակությունը միավորում են ջանքերը, համայնքում հնարավոր են դառնում երկարատև և դրական փոփոխություններ: Մալիշկայի և Բարձրավանի կենտրոնները ստեղծվել են հենց նման ձևաչափով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, համայնքների և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի միջև ձևավորված ամուր գործընկերության արդյունքում ։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Եղեգնաձորի և Գորիսի համայնքապետարաններին՝ ողջ գործընթացում ցուցաբերած ակտիվ ներգրավվածության և աջակցության համար: Հավատացած ենք, որ այս կենտրոնները դրական և երկարատև ազդեցություն կունենան երեխաների զարգացման և համայնքների հզորացման գործում»,- նշել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է նպաստել Հայաստանում բազմաբնույթ ծառայությունների կայուն ցանցի ձևավորմանը, որոնք ուղղված են երեխաների բարեկեցության ապահովմանը։ Ճապոնիայի աջակցությամբ ծրագրվում է 2026 թվականին գործարկել ևս մեկ նմանատիպ կենտրոն։