20 դեկտեմբերի 2025 – 10:36 AMT
PanARMENIAN.Net – Հայաստան նավթամթերքի ներմուծումն իրականացնող «ՄեգաԹրեյդ» ընկերությունը պարզաբանել է, որ ադրբեջանական վառելիքի մատակարարումը միտված է շուկայի դիվերսիֆիկացմանը, մրցակցային միջավայրի ամրապնդմանը և սպառողներին առավել մատչելի առաջարկ ապահովելուն՝ պահպանելով որակի և անվտանգության բոլոր պահանջները, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների միջև ձեռք բերված համաձայնության և սահմանված ընթացակարգերի շրջանակում ընկերությունը իրականացնելու է նավթամթերքի ներմուծում Հայաստանի Հանրապետություն։
Ներմուծված նավթամթերքը հասանելի կլինի RanOil ցանցի բենզալցակայաններում, ինչը շոշափելիորեն կնպաստի վառելիքի գների նվազմանը և ոլորտում ավելի թափանցիկ գնագոյացման ձևավորմանը։ Մենք կարևորում ենք մատակարարման կայունությունն ու կանխատեսելիությունը և համոզված ենք, որ նոր աղբյուրների ներգրավումը կնպաստի վառելիքի շուկայի հավասարակշռությանը և կամրապնդի մեր երկրի էներգետիկ ու տնտեսական դիմակայունությունը»,-նշված է մեկնաբանության մեջ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Ադրբեջանից վառելանյութի ներմուծմանը և դրա հնարավոր հետևանքներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «վառելիք գնելով Բաքվից՝ ՀՀ–ն ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այն փաստը, որ Ադրբեջանից դեպի Հայաստան նավթամթերքով բեռնված գնացք է ուղևորվել։
Ադրբեջնական լրատվամիջոցները հայտնել էին, որ դեկտեմբերի 18-ին նավթամթերքի առաջին խմբաքանակը կուղարկվի Ադրբեջանից Հայաստան։ Նշվում է, որ համաձայն նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մhեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀ կուղարկվի SOCAR պետական նավթային ընկերության կողմից արտադրված АИ-95 տեսակի բենզինով լցված 22 վագոն։ Գնացքն արդեն ՀՀ–ում է։