Բագրատ և Արշակ սրբազաններ․ Տիրադավները ևս հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման և ինքնաժխտման ճանապարհը

Բագրատ և Արշակ սրբազաններ․ Տիրադավները ևս հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման և ինքնաժխտման ճանապարհը

20 դեկտեմբերի 2025 – 11:12 AMT

PanARMENIAN.Net – Անազատության մեջ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավայրից հայտարարություն են տարածել՝ արձագանքելով դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած իրադարձություններին։

Նրանք նշել են, որ «տիրադավները ևս հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման և ինքնաժխտման ճանապարհը»։

«Հակաեկեղեցական հրոսակախումբն իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայր Աթոռ, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։

Քստմնելի էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել՝ շփոթված և շվարած հայացքներով։

Ակնհայտ է, որ իրենք ևս հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման և ինքնաժխտման ճանապարհը՝ խամաճիկ դառնալով խառնակիչ տիկնիկավարի ձեռքին, որը կարճ ժամանակ հետո իրենց ևս զոհաբերելու է ատելության և թշնամության իր արյունածարավ կուռքին։

Մայր տաճարի պատերը շատ ասպատակողների են տեսել՝ սա էլ տեսան (բոլորն էլ փոշիացել են) և այդ առումով դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը։

Այս ամոթալի պատկերի դիմաց առանձնակի հիացմունքով ենք անդրադառնում մեր ուխտապահ եկեղեցականներին և հավատացյալ ժողովրդի խիզախ կեցվածքին, որը ևս մեկ անգամ փաստեց, որ հայ մարդու մեջ չի կարող սպանվել ինքնության զգացումը՝ անկախ հալածանքների սաստկությունից։

Մեր և կալանավորված մեր մյուս հոգևոր եղբայրների՝ Միքայել և Մկրտիչ սրբազանների անունից, մեր հավատարմությունն ենք հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին և լուսավորչի գահին, և մեր զորակցությունը զինվորյալ և նվիրյալ հոգևոր դասին և ժողովրդին։ Առանձնակի ջերմությամբ աղոթում ենք Տեր Վրթանես Քհն․ Բաղալյանի շուտափույթ ապաքինման համար։

Թող մեր տերը անխախտ ու անսասան պահի Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր համբուրելի և խոցված հայրենիքն ու ժողովրդին, որպեսզի մեր կյանքից մեկնի մեգը, մերժվի մառախուղը, վերանա մութը, չքանա չարիքը, հալածվեն հուսահատությունները և թագավորի տիրոջ ամենակարող ձեռքը»,–ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։

«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։

Leave a Comment