ՍիվիլՆեթին մերժել է, ՔՊ-ի Civic-ին՝ ոչ. ինչու է ԱԱԾ-ն ընտրովի տրամադրում Եզրաս արքեպիսկոպոսի գործը


Անի Գրիգորյան, #CivilNetCheck

«Քաղաղաքացիական պայմանագրին» պատկանող civic.am-ը դեկտեմբերի 19-ին հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունից ստացած փաստաթղթեր, որոնցով, իրենց պնդմամբ, հաստատվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հետ։

«Պաշտոնական փաստաթղթեր ԱԱԾ-ից. Կտրիճի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից և ստացել «Կարո» ծածկանունը, հիմա էլ կապեր է պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»,- գրել է civic.am-ը։

Լրատվամիջոցը հրապարակել է փաստաթուղթ, որում նշված է, թե Մկրտիչ Գրիգորիի Ներսիսյանը 1986-ին հավաքագրվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից։

#CivilNetCheck-ը չի ստուգել հրապարակված փաստաթղթի իսկությունը. և հնարավոր չէ ասել արդյոք այն իրական է։ Սակայն հատկանշական է, որ շուրջ մեկուկես ամիս առաջ մենք դիմել էինք ԱԱԾ՝ հարցնելով, թե արդյոք կառույցը տիրապետում է տեղեկատվության Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ գործակալ լինելու վերաբերյալ։

Այն ժամանակ ԱԱԾ-ն մերժել էր տրամադրել որևէ տեղեկություն։ Հոկտեմբերի 30-ին ստացված պատասխան գրության մեջ կառույցը հղում էր արել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին՝ պնդելով, որ պահանջվող տվյալները դասվում են պետական գաղտնիքի շարքին և ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր։

Էկրանապատկերում՝ ԱԱԾ-ի մերժման գրությունը #CivilNetCheck-ին

Իր պատասխանում ԱԱԾ-ն նշել էր, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է այլ անձի անձնական կյանքին և ենթակա չէ տրամադրման, քանի որ դրա հրապարակումը կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը։

Հոկտեմբերի սկզբին Civic.am-ը հրապարակել էր «անանուն նամակ», որտեղ նշվում էին նույն տվյալները՝ «Կարո» ծածկանունը և հավաքագրման մանրամասները։ Այն ժամանակ հոդվածում բացակայում էին պաշտոնական փաստաթղթերը կամ հղումները։

Civic.am-ից ու ՀԺ-ից՝ ԱԺ ամբիոն. Եզրաս արքեպիսկոպոսի մասին վարչապետի պնդումների անապացույց աղբյուրները

Հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից կրկնեց այդ պնդումները՝ հղում անելով «մամուլում եղած» տեղեկություններին։ Երբ #CivilNetCheck-ը փորձեց ճշտել վարչապետի հայտարարության հիմքերը, կառավարությունից հստակ պատասխան չստացվեց, իսկ ԱԱԾ-ն, ինչպես նշվեց, հրաժարվեց մեկնաբանել։

Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին Փաշինյանի պնդումները հենվում են իր կայքերի վրա

Ստացվում է, որ նոյեմբերին Եզրաս Ներսիսյանի ենթադրյալ գործակալական անցյալը համարվում էր պետական գաղտնիք և պաշտպանված անձնական տվյալ, իսկ դեկտեմբերին՝ իշխանական լրատվամիջոցի հարցման դեպքում, այդ նույն տվյալները դարձել են հանրային և բաց։



Leave a Comment