Իտալիայի Սուպերգավաթ․ «Բոլոնիան» հաղթել է «Ինտերին»՝ դուրս գալով եզրափակիչ․ Մխիթարյանը մասնակցել է խաղին

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Ալ Ավալ Պարկ» մարզադաշտում «Բոլոնիան» և «Ինտերը» Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում վիճարկեցին եզրափակչի երկրորդ ուղեգիրը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Արդեն 2-րդ րոպեին հաշիվը բացեց «ներաձուրիների» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, ինչին 35-րդ րոպեին պատասխանեց «Բոլոնիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ռիկարդո Օրսոլինին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 71-րդ րոպեին՝ տեղը զիջելով Դավիդե Ֆրատեզիին։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Բոլոնիայի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 3:2 հաշվով։

Եզրափակչում Իտալիայի գործող գավաթակիր «Բոլոնիան» կմրցի գործող չեմպիոն «Նապոլիի» հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Leave a Comment