Հայ գերիները Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներ են ունեցել

Դեկտեմբեր 19-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ 

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները: 

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատավարությանը շարունակվել են հայ գերիների եզրափակիչ ելույթները։

Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը ներկայացրել է ապացույցներ, որոնք հակասել են մեղադրանքի կողմի պնդումներին։ Նա նշել է, որ համաձայն չէ մեղադրողների կողմից բարձրացված կետերի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, թե իբր Դավիթ Մանուկյանն ասել է, որ չի մասնակցել Արցախի անվտանգության խորհրդի նիստերին, քանի որ իր ծառայողական պարտականությունները նրան խանգարել են դա անել։

Իր եզրափակիչ ելույթում Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ համաձայն չէ մեղադրողների կողմից ներկայացված ապացույցների հետ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը և իր երկու եղբայրները դպրոց են հաճախել Արցախում, և որ հայոց լեզվի ուսուցման հետ կապված որևէ խնդիր չի եղել։ Հարությունյանը նաև նշել է, թե իբր իրենց և ադրբեջանցիների միջև որևէ խնդիր չի եղել և մասնակցել են միմյանց միջոցառումներին։ Հարությունյանն անդրադարձել է նաև իրեն մեղսագրվող ռազմական հանցագործություններին։ Նա նշել է, թե դատարանում ներկայացվել են ռազմական հանցագործություններ, որոնց մեծ մասի մասին ինքը իմացել է այնտեղ՝ դատարանում: 

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ նշել է, որ ցանկանում է իր եզրափակիչ խոսքը ներկայացնել ռուսերենով: Նա ներկայացրել է իր հակափաստարկները մեղադրողների և գործով «տուժողների» կողմից արված հայտարարություններին։

Դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 22-ին։

15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Կարդացեք նաև՝



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment