Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով

Քաղաքականություն

19.12.2025 | 22:50

Իսրայելում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի 30-ամյա Վիտալի Զվյագինցևը՝ Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով, հաղորդում են Times of Israel-ը և Ynet-ը՝ հղում անելով Իսրայելի զինվորական պաշտոնյաներին և դատախազությանը:

Իշխանությունների տվյալներով՝ աշխատանքային վիզայով երկրում գտնվող Զվյագինցևը լուսանկարել է ռազմավարական նշանակություն ունեցող վայրեր և լուսանկարները փոխանցել իրանցի գործակալին՝ կրիպտոարժույթով վճարման դիմաց։

Իսրայելի անվտանգության պաշտոնյաների տվյալներով՝ նա Նեշեր պարկից լուսանկարել է Էյլաթի, Հերզլիայի, Աշդոդի և Հայֆայի նավահանգստային ենթակառուցվածքները, ինչպես նաև նավթավերամշակման գործարանները։ Հետաքննությունը նաև պնդում է, որ մեղադրյալը լուսանկարել է ռազմանավեր, այդ թվում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի հածանավ և իսրայելական սուզանավ։ Դատախազությունը հայտարարել է, որ յուրաքանչյուր առաջադրանքի համար նրան վճարել են «հարյուրավոր ԱՄՆ դոլարներ»։

Զվյագինցևը ձերբակալվել է դեկտեմբերին Ռամատ Դավիդի ռազմական ավիաբազայում, որտեղ, ըստ անվտանգության աշխատակիցների, նա կատարում էր մեկ այլ առաջադրանք: Նա լուսանկարել է բազան, բայց անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրան՝ նախքան լուսանկարները պատվիրատուին ուղարկելը։

Ըստ իսրայելական կողմի՝  Զվյագինցևը նյութեր է փոխանցել իրանական հետախուզության գործակալի, որը ներկայացել է որպես Ռոման և պնդել, որ ապրում է Ռուսաստանում։ Հետաքննությունը սկսվել է 2025 թվականի հոկտեմբերին։ Այս ընթացքում մեղադրյալը մի քանի անգամ ճամփորդել է զբոսաշրջության քողի տակ, որոնց ընթացքում կատարել է Ռոմանի առաջադրանքները։ Իսրայելի անվտանգության ծառայությունը (ՇԱԲԱԿ) պնդում է, որ Զվյագինցևը գիտեր, որ իր կոնտակտային անձանց խնդրանքները նպատակ ունեին վնաս հասցնել երկրին, բայց շարունակել է դրանք կատարել վարձատրության դիմաց։

Իսրայելի հետախուզական ծառայությունները զգուշացրել են երկրի քաղաքացիներին և բնակիչներին չշփվել «թշնամական պետությունների» բնակիչների կամ անանուն առցանց կոնտակտների հետ և խնդրել են նրանց հայտնել ցանկացած կասկածելի միջադեպի մասին իշխանություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment