Ադրբեջանական բենզինը գնած ընկերություններից մեկը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կապիտալի» մեջ մտնող «Մեգա Թրեյդն» է, հայտնում է «Ազատությունը»։
«Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ ադրբեջանական բենզինը գնած 2 կազմակերպություններից մեկը իրենք են, և առաջիկայում այդ բենզինը կվաճառվի ընկերությանը պատկանող «Ռան օիլ» բենզալցակայանների ցանցում: «Սիլ կոնցեռն» ընկերությունը տարիներ առաջ ձեռք է բերել «Ռան օիլ»-ը:
Ադրբեջանական բենզին գնած երկրորդ ընկերության անունը դեռ հայտնի չէ:
Ադրբեջանական բենզինի գինն այս պահին, ըստ Հայրիյանի, հստակ ասել չեն կարող: Ներմուծումից հետո կհաշվարկվի վառելիքի ինքնարժեքը, և կսահմանվի մանրածախ վաճառքի գին: Ամեն դեպքում, ըստ տնօրենի, իրենց կանխատեսումներով բենզինի գինը կնվազի:
ԶԼՄ-ն նշում է, որ «Մեգա Թրեյդը» գնել է շուրջ 600 տոննա ադրբեջանական բենզին: Ընկերությունը չի ներկրել բենզին Ադրբեջանից, այլ գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում:
