Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորման. Պուտինը պայմաններ է ընդգծել


Մոսկվան Կիևից որոշակի ազդանշաններ է տեսնում երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության մասին, սակայն Ուկրաինան դեռևս պատրաստ չէ քննարկել տարածքային հարցը:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տարին ամփոփող ամենամյա ուղիղ ասուլիսի ընթացքում:

Պատասխանելով ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցերին, ՌԴ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ, թեև Կիևը բազմիցս հերքել է այդ պնդումը: Պուտինը հավատացրել է, որ մարտի դաշտում ռազմավարական առավելությունը ռուսական կողմինն է: Նաև նրա խոսքով՝ 2025 թվականին Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել ավելի քան 400 հազար քաղաքացի, ռազմադաշտում են հարյուր հազարավոր զինվորականներ:

Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների, բայց իր առաջ քաշած պայմաններով: Նա հավելել է՝ այժմ գնդակը Ուկրաինայի և Եվրոպայի դաշտում է:

«Մենք պատրաստ ենք և ցանկանում ենք խաղաղ ճանապարհով վերջ դնել այս հակամարտությանը՝ հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք ես ուրվագծել եմ անցյալ տարվա հունիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, և լուծելով այս ճգնաժամին հանգեցրած արմատական պատճառները»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Այնուհետև Պուտինը ներկայացրել է չորս պայման, որոնք Մոսկվան առաջադրել է կարգավորման բանակցությունների համար։ Նա նշել է, որ Ռուսաստանը կդադարեցնի կրակը և պատրաստ կլինի բանակցությունների, հենց որ Կիևը սկսի զորքերը դուրս բերել Դոնբասից և Նովոռոսիայից՝ նրանց վարչական սահմաններում, որոնք գոյություն ունեին դրանց՝ Ուկրաինային միանալու պահին և պաշտոնապես տեղեկացնի, որ հրաժարվում է ՆԱՏՕ-ին միանալու իր ծրագրերից։

Ավելին, Մոսկվայի հիմնական պայմաններից են Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը, և Արևմուտքի բոլոր պատժամիջոցների վերացումը։

Նախագահը նաև նշել է Դոնալդ Թրամփի դերը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում: Պուտինի խոսքով՝ ԱՄՆ նախագահը լուրջ ջանքեր է գործադրում հակամարտությունը դադարեցնելու համար և դա անում է լիակատար անկեղծությամբ։

Ռուսաստանի առաջնորդը նաև հիշատակել է Թրամփի հետ Ալյասկայում ունեցած բանակցությունները: Այդ ժամանակ Մոսկվան, ըստ էության, համաձայնել է ամերիկյան առաջարկներին, ուստի ասել, որ Ռուսաստանը մերժում է որևէ բան, լիովին սխալ է:

«Մոսկվայում նախնական հանդիպումների ժամանակ մեզ առաջարկներ ներկայացվեցին, և մեզ խնդրեցին որոշակի փոխզիջումների գնալ։ Երբ ես ժամանեցի Անքորիջ, ասացի, որ դրանք մեզ համար դժվար որոշումներ կլինեն, բայց մենք համաձայնեցինք առաջարկվող փոխզիջումներին»,- ընդգծել է նախագահը։

Ռուսաստանը, ըստ Պուտինի, պատրաստ է բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորման, այժմ որոշումը պետք է կայացնի մյուս կողմը։

«Գնդակն ամբողջությամբ մեր արևմտյան հակառակորդների դաշտում է, այսպես ասած, առաջին հերթին՝ Կիևի ռեժիմի առաջնորդների և նրանց, այս դեպքում, եվրոպացի հովանավորների»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

123 դիտում

Leave a Comment