Եվրոպական խորհրդարանը բանաձևով դատապարտել է Ադրբեջանում ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների կամայական ձերբակալությունն ու դատապարտումը՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
Բանաձևն ընդունվել է 477 կողմ, 7 դեմ ձայներով և 69 ձեռնպահ քվեարկությամբ։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Նիգերիայի և Գվինեա-Բիսաուի մարդու իրավունքների իրավիճակին։
Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ազգային անվտանգության դրույթների կիրառումը՝ որպես դատական ճնշման գործիք, ինչպես նաև խոսքի ազատության, խաղաղության պաշտպանության և հանրային քննադատության քրեականացումը։
Բանաձևում կոչ է արվում անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Չարլզ համալսարանի դոկտորանտ Բահրուզ Սամադովին և թալիշ հետազոտող, Talysh National Academy News-ի գլխավոր խմբագիր Իգբալ Աբիլովին։
ԵԽ պատգամավորները նաև քննադատել են գիտնականներ Գուբադ Իբադօղլուի և Ֆազիլ Գասիմովի դատապարտումը, ինչպես նաև ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլիի ձերբակալությունը։
Եվրախորհրդարանը նշել է, որ ԵՄ-ի հետ ապագա որևէ գործընկերային համաձայնագրի շուրջ առաջընթացը պետք է պայմանավորված լինի մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ԵՄ արժեքների նկատմամբ հստակ առաջընթացով։
