Անահիտ Մանասյանն այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր՝ Արարատի մարզի Վերին Դվին համայնք


Հասարակություն


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր՝ Արարատի մարզի Վերին Դվին համայնք։

Այցի մեկնարկին տեղի է ունեցել հանդիպում համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովայի հետ: Վերջինս ներկայացրել է Հայաստանում բնակվող ասորիների իրավունքներին, ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանը վերաբերելի առանձին հարցեր։ Հատուկ անդրադարձ է կատարվել համայնքի բնակիչների իրավունքներին վերաբերելի հարցերին:

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։ Պետությունը պետք է հատուկ գործիքակազմեր գործադրի ազգային փոքրամասնությունների իրավունքների խթանման նպատակով:


«Չափազանց կարևոր է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, լեզվի, կրոնի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, այդ նպատակով հատուկ կառուցակարգերի գործադրումը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը հասարակական կյանքին»,- ասել է Անահիտ Մանասյանը:


Այնուհետև Անահիտ Մանասյանն այցելել է Վերին Դվինի միջնակարգ դպրոց (նոր շենքի կառուցմամբ պայմանավորված՝ դասապրոցեսը կազմակերպվում է Դվինի Լեոնիդ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցում): Տնօրենի և ուսուցչական անձնակազմի հետ տեղի են ունեցել իրավունքներին առնչվող առանձին հարցերի վերաբերյալ քննարկումներ:

Դպրոցում Պաշտպանը մասնակցել է աշակերտների կողմից իրականացված` ամանորին նվիրված նախատոնական միջոցառման: Աշակերտները հանդես են եկել տոնական թեմատիկ բեմադրություններով և ազգային պարով:


Միջոցառման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի առթիվ՝ նշելով․


«Թող գալիք տարին յուրաքանչյուր ընտանիք բերի խաղաղություն, համերաշխություն և բարօրություն։ Երեխաների ժպիտը, երջանիկ մանկությունը կարող են երաշխավորվել համերաշխ ու խաղաղ միջավայրում, որի ձևավորման գործում յուրաքանչյուրս պետք է ունենա առանցքային դերակատարություն»։


Leave a Comment