Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը

Քաղաքականություն

19.12.2025 | 16:09

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկման է դրվել հայտարարություն՝ կապված Եվրախորհրդարանի կողմից Բաքվի դեմ նախօրեին ընդունված բանաձևի հետ։

«Ադրբեջանի Միլլի Մեջլիսը խստորեն դատապարտում է Եվրախորհրդարանի բանաձևը և արտահայտում է իր կտրուկ  բողոքը։ Այս փաստաթուղթը ևս մեկ փորձ է՝ ստվեր գցելու օրենքի գերակայության վրա և միջամտելու դատական ​​գործընթացներին։ Եվրախորհրդարանը շարունակում է շահագործել այնպիսի կարևոր հարց, ինչպիսին է մարդու իրավունքների խնդիրը՝ իր սադրիչ նպատակների համար։ Եվրախորհրդարանը, որը մշտապես անտեսել է մեր տարածքների օկուպացիան և 1 միլիոն փախստականների ու ներքին տեղահանված անձանց իրավունքները, ընդունել է ավելի քան 10 ամոթալի հայտարարություն Ադրբեջանի դեմ»,- ասվում  է հայտարարության մեջ։

Նշվում է, թե, իբր, Եվրոպական խորհրդարանում բանաձևերն ընդունվում են որոշակի շահագրգիռ խմբերի կողմից։ Դա ցույց է տալիս Եվրոպական խորհրդարանի ծանր վիճակը։ Ընդունված բանաձևը բացահայտում է Եվրոպական խորհրդարանի իրական բնույթը և իրական մտադրությունները։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Եվրոպական խորհրդարանը դարձել է իսլամատյաց և թուրքատյաց տրամադրությունների հարթակ, և Եվրախորհրդարանի այս բանաձևն ավելի լայն ծրագրի մի մասն է։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատերազմում հաղթանակ տանելով, նաև խաղաղության է հասել։ Այժմ պարզ է դառնում, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված առաջընթացը չի ծառայում մի շարք խմբերի շահերին»,- ասվում է հայտարարությունում։

Մեջլիսի հայտարարությունը դրվել է քվեարկության և ընդունվել։

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում քաղբանտարկյալների և գիտնականների ձերբակալությունների սրվող խնդրի վերաբերյալ։Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորվածների թվում են հասարակական ակտիվիստներ, ընդդիմության առաջնորդներ, լրագրողներ, ինչպես նաև վերջերս՝ երկրից դուրս բնակվող գիտնականներ և քննադատներ։ Եվրոպական խորհրդարանն այս աճը գնահատում է որպես քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների ընդլայնում և կոչ է անում իշխանություններին վերջ դնել բռնաճնշումների ընդհանուր մթնոլորտին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment