Գերագույն հոգևոր խորհուրդը նոր կազմ ունի։ Factor TV-ի հարցին ի պատասխան Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյանը տեղեկացրեց, որ Գերագույն Հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, և Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը.
«Նրանց փոխարինում են Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։ Կազմում փոփոխություններ են տեղի ունեցել` պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ, երբ թեմակալ նոր առաջնորդները իրավունքի ուժով փոխարինել են իրենց նախորդներին, ինչպես ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այնպես էլ` Վիրահայոց թեմի պարագայում։ Դրանք պայմանավորված են նաև որոշ անդամների հաճախակի բացակայություններով, առողջական խնդիրներով և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքով»,- նշեց Տեր Եսային։
Նշենք՝ Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Երուսաղեմի Հայոց Պատրիարքը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ի պաշտոնե Գերագույն Հոգևոր Խորհրդի ատենապետերն են:
Խորհուրդը կազմված է բարձրաստիճան հոգևորական և աշխարհական անդամներից, որոնց մի մասն ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, մյուս մասը նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ:
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին երկու անգամ, երբեմն նաև, ըստ անհրաժեշտության, ավելի հաճախ:
Ռոզա Վարդանյան