19 դեկտեմբերի 2025 – 15:26 AMT
PanARMENIAN.Net – Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող ապօրինի շինությունները կապամոնտաժվեն մինչև տարեվերջ։ Այդ մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասել է ժողովրդավարության և անվտանգության դպրոցի ունկնդիրների հետ հանդիպմանը։
Քննարկման ժամանակ, որը կազմակերպվել է հարցուպատասխանի ձևաչափով, անդրադարձ է կատարվել դատախազության կողմից իրականացվող գործառույթներին՝ պետական շահերի պաշտպանության և ապօրինի գույքի վերադարձի ուղղություններով։ Նա ներկայացրել է ձեռնարկված միջոցառումների արդյունքները, այդ թվում՝ դատախազական ներգործությամբ վերադարձված գույքերը, բարեվարքության մակարդակի ամրապնդման քայլերը և կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարի արդյունավետությունը։
Խոսելով Սևանա լճի ափամերձ գոտիներում առանց իրավական հիմքի օտարված կամ վարձակալության հանձնված տարածքների վերաբերյալ իրականացված աշխատանքների մասին՝ Վարդապետյանը նշել է, որ 2025 թվականին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ուղարկվել է հինգ միջնորդագիր։ Բացի այդ, իրականացված ուսումնասիրությունների հիման վրա նախաքննական մարմիններին ներկայացվել են հաղորդումներ հանցագործությունների մասին, որոնցով արդեն նախաձեռնվել են քրեական վարույթներ։
«Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքին բերելու համար: Այս պահի դրությամբ ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ, մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում տարբեր անձանց պատկանող՝ շուրջ տասը հողակտորներում ապօրինի կառուցված շինություններ», – ասել է Վարդապետյանը։
Նա հիշեցրել է, որ միջնորդագրերի հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ և ընդունվել է քանդման 23 որոշում։
Նա հավելել է, որ ապամոնտաժման ամբողջ գործընթացը պատշաճ փաստագրվում է, իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ համապարփակ հաշվետվություն առաջիկայում կներկայացվի հանրությանը։
Պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների համատեքստում Աննա Վարդապետյանը նաև նշել է, որ Դատախազությունը, սկսած 2025 թվականի հունվարի 1-ից, իր բացառիկ լիազորությունների և դատախազական ներգործության կիրառման արդյունքում պետությանը կամ համայնքներին վերադարձրել է ընդհանուր 66 միլիարդ 250 միլիոն դրամի արժեքով գույք, որը համարժեք է 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարի։ Այս գույքի մեջ ներառված են երեք մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, զբոսայգիներ, հողակտորներ և դրամական միջոցներ։