19 դեկտեմբերի 2025 – 15:04 AMT
PanARMENIAN.Net – Ֆինանսական խարդախության զոհ դարձած անձինք իրենց փաստաբանի հետ ՀՀ քննչական կոմիտեից պահանջել են հստակ ժամկետ ասել՝ երբ կվերադարձվեն իրենց գումարները։ ՔԿ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։
«Պահանջում ենք, որ քննչական կոմիտեն հստակ ժամկետ ասի, թե երբվանից և ինչ մեխանիզմներով պետք է վերադարձվեն ֆինանսական խարդախության հետևանքով կորզված գումարները։ Չենք պատրաստվում ամբողջ կյանքում սպասել։ Մենք հայտարարել ենք՝ չպետք է հանցագործությունների բացահայտումը կապվի քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնման հետ։ Պետությունը պարտավոր է կանխարգելել այս հանցագործությունները»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Իրավապաշտպանի խոսքով՝ վերջին 2 օրվա ընթացքում իրենց կազմակերպություն տասնյակ անձինք են դիմել նույն խնդրով։ Այդ բողոքները դիմումների են վերածել, այժմ էլ հանցագործության մասին հաղորդումներ կներկայացնեն ՔԿ։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, որ տուժել է «Trustwallet» հարթակից, որը զբաղվում է կրիպտոարժույթի առուվաճառքով։ Քաղաքացին ընդգծել է, որ իրեն արտասահմանյան համարներով են զանգել ու խոսել կրիպտոարժույթով գործարքների, ներդրումներ անելու, ինչպես նաև դասընթացների մասնակցելու մասին։ Սկզբում նա մերժել է բոլոր առաջարկները։
«Սկզբում կասկածներ ունեի, բայց հետո տեսա երկրի առաջին դեմքերի մոտ գովազդներ (ՆԳՆ–ն, ԿԲ–ն և ոլորտի մասնագետները բազմիցս զգուշացրել են, որ դրանք կեղծ են. խմբ)։ Ինձ մոտ դա հավատ ներշնչեց, որովհետև, մտածում էի` եթե խնդիր լիներ, ինչպես կարող էին իրավապահները դա չտեսնել։ Առաջին օրը 100 դոլար ներդրել էի, 7500 դրամ «Ամերիաբանկի» իմ հաշվին գումար նստեց։ Հետո առաջարկեցին 2000 դոլար ներդնել, ուղղակի այդքան գումար չունեի։ «Whatsapp» հավելվածի միջոցով էի իրենց հետ կապ պահում, այդ ժամանակ ինձ օգնեցին օնլայն վարկ ձևակերպել՝ 4,5 մլն դրամի։ Ընդհանուր 7․5 մլն դրամ գումար եմ կորցրել», – մանրամասնել է տուժած քաղաքացին։
Վերջին շրջանում այսպիսի դեպքերով տուժածները շարունակաբար դժգոհություն են արտահայտել, քանի որ, չնայած գործերը արդեն քննվում են և հստակ է, որ իրենք զոհ են դարձել, բանկերը շարունակում են պահանջել վարկային պարտավորությունների կատարում։ Ավելին, որոշ քաղաքացիների նկատմամբ բանկերը արդեն սկսել են գույքի բռնագանձման գործընթաց՝ ներառյալ շարժական և անշարժ գույքի աճուրդի հանումը։
Տուժածներն իրենց դժգոհությունն են հայտնել քննչական մարմինների գործունեությունից՝ ընդգծելով, որ իրականացվող քայլերը դանդաղ են ընթանում և չունեն ակնկալվող արդյունավետությունը։
Զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում ՀՀ կառավարության, քննչական կոմիտեի և տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Վերջին անգամ նրանք դեկտեմբերի 16-ին էին հավաքվել ՔԿ–ի մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։