Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով, տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Գրիգորյանը հաստատել էր, որ նման քննարկումներ կան:
Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Հայաստան «նավթամթերքի առաջին խմբաքանակն» ուղարկելու մասին:
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով բեռնված շարժակազմն Ադրբեջանից շարժվել է և գալիս է Հայաստան։ Նա տեղեկացրել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։
