Վրաստանի Ազգային բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 8% մակարդակում

Վրաստանի Ազգային բանկի հայտարարության մեջ նշվում է, որ չնայած նոյեմբերին գնաճը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.4 տոկոսային կետով՝ հասնելով 4.8%-ի, տոկոսադրույքը նախկին մակարդակում պահպանելը շարունակում է մնալ կարևոր։

Վրաստանի ազգային բանկում նշել են, որ եթե տարբեր միանվագ գործոնների ազդեցությամբ գնաճը երկար ժամանակ պահպանվի նպատակային մակարդակից բարձր, Դրամավարկային քաղաքականության կոմիտեն պատրաստ է պահպանել գործող խիստ քաղաքականությունը սպասվածից ավելի երկար ժամանակ և անհրաժեշտության դեպքում էլ ավելի խստացնել այն։

Հիմնական սցենարի համաձայն՝ սննդամթերքի գների աճը գնաճի վրա կունենա միայն ժամանակավոր ազդեցություն և աստիճանաբար կթուլանա։ Միաժամանակ համախառն պահանջարկը պետք է աստիճանաբար վերադառնա երկարաժամկետ միտմանը, ինչը կթուլացնի պահանջարկի կողմից գների վրա գործադրվող ճնշումը։

Այս հիմքով 2025 թվականին գնաճի միջին տարեկան աճի տեմպը գնահատվում է 4%, իսկ 2026 թվականի երկրորդ եռամսյակից այն կմոտենա նպատակային ցուցանիշին և միջինում կկազմի տարեկան 3.5%։

Վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 2024 թվականի մայիսին։

Դրամավարկային քաղաքականության կոմիտեի հաջորդ նիստը նախատեսված է 2026 թվականի փետրվարի 11-ին։

Leave a Comment