Ջենիֆեր Լոպեսի համերգի օրերին 16 հազ. զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Լուսինե Գևորգյանի խոսքով, ՀՀ-ում տեղի ունեցող սեզոնային իրադարձություններով պայմանավորված՝ ավելի շատ մարդիկ կայցելեն Հայաստան


ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մենք 6 ամիսներում` մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր և նոյեմբերին իրական պատմական զբոսաշրջային ռեկորդ ենք ունեցել։ Այդքան զբոսաշրջիկ երբևէ, 30 տարիների ՀՀ անկախության ընթացքում չի այցելել Հայաստան։


Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։


«Նոյեմբերի դրությամբ Հայաստան է այցելել 2 միլիոն 150 հազար մարդ։ Մեր նպատակն է ունենալ 3 միլիոն զբոսաշրջիկ․ այնքան մարդ, որքան ապրում է Հայաստանում», – ասել է Գևորգյանը։


Նա հայտնել է, որ անցած շաբաթ իրենք կառավարությանն են ներկայացրել 2026-30 թվականների ռազմավարությունը և ակնկալում են, որ առաջիկա 5 տարիների ընթացքում 700 կամ 800 հազարով կավելանա զբոսաշրջիկների և այցելուների թիվը ՀՀ։


«Մեր զբոսաշրջիկները հիմնականում գալիս են բարձր սեզոնայնության ամիսների։ Դրա համար պետք է ունենանք այնպիսի իրադարձություններ, որոնց համար մարդիկ կայցելեն։ Օրինակ ձմեռվա ամիսներին գան ձմեռային զբոսաշրջության համար։ Հնարավոր է կազմակերպել այլ միջոցառումներ, օրինակ` համաժողովներ, սպորտային իրադարձություններ, աշխարհի առաջնություններ», – ասել է Գևորգյանը։


Նրա խոսքով՝ իրադարձային տուրիզմը նպաստում է, որպեսզի միանգամից շատ մարդ այցելի երկիր։


Զբոսաշրջության կոմիտեի նախագահը հայտնել է, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի օրերին 16 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան,   ամրագրված են եղել Երևանում և 1 ժամ հեռավորությամբ գտնվող քաղաքներում բոլոր հյուրանոցների համարները։


«Համերգին մասնակցել է մինչև 20 000 մարդ»,-ասել է Գևորգյանը։


Գևորգյանը հայտնել է, որ զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Ռուսաստանն է՝ մոտ 37- 38 %, որին հաջորդում են մեր հարևաններ Վրաստանը և Իրանը։


Նա նաև հայտնել է, որ այս տարի այցելությունների բավականին մեծ աճ կա Չինաստանից՝ մոտ 40 %, քանի որ Հայաստանը հայելային կերպով ազատականացրել է վիզաները Չինաստանի հետ։


«5 արաբական երկրների համար այս տարի ազատականացրինք վիզաները նաև այնտեղ ապրող ռեզիդենտների համար, որոնք ունեն նաև Ամերիկայի և Շենգեն համաձայնագրի վիզաներ», – ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։


Ըստ Գևորգյանի՝ Եվրոպայից հիմնական թիրախային շուկաներն են ավանդական մեր գործընկերները` Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան։ Նա ուղիղ չվերթների հետ կապված մի փոքր աճ նկատեց Իտալիայից եկող զբոսաշրջիկների հարցում։


«Այս տարի մենք 78 լրագրող, ինֆլյուենսեր և բլոգեր ենք ընդունել, travel բլոգերներ և food բլոգերներ, որոնք այցելել են Հայաստան, և նրանց բազմահազարանոց հետևորդները տեսնում են նրանց այցելությունները։ Ունեցանք Չինաստանից 16 բլոգերի, եվրոպական տարբեր երկրներից ենք ընդունել, արաբական Քուվեյթից ունեցանք արաբալեզու բլոգերներ, և այս ամենը իրականում դրական ազդեցություն ունի զբոսաշրջության վրա», – նշել է Գևորգյանը։


Զբոսաշրջության կոմիտեի նախագահը հայտնել է, որ առաջին տեղում պատմամշակութային տուրիզմն է, որին հաջորդում է գաստրոէնոտուրիզմը, այսինքն՝ գաստրո և գինու զբոսաշրջությունը, իսկ 3-րդ տեղում ՝ արկածային զբոսաշրջությունը։


 

Leave a Comment