Բյուջեի քննարկման օրն ուշացած պատգամավորները Փաշինյանին բացատրություն են տալիս ընտրացուցակի հարցազրույցի ժամանակ․ ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներել ԱԺ-ի՝ նոյեմբերի 11-ին մեկնարկած քառօրյա նստաշրջանում բյուջե 2026-ի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ուշացումները, գրել է «Հրապարակ» օրաթերթ։

Այդ օրերին պատգամավորները երկու անգամ ուշացան նիստից, որի հետևանքով քվորում չեղավ, և նիստերը 20 րոպե ուշ սկսվեցին։ Փաշինյանը դա անհարգալից վերաբերմունք է գնահատել և նախատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ու խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանին։

Թերթի տեղեկությամբ՝ նա վերցրել է այդ օրերի բացակաների ցանկը և 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առաջադրումների ցուցակում թեկնածուների գրանցման գործընթացի հարցաքննության ժամանակ նախ թեկնածուից ճշտում է, թե ինչու էր այդ օրն ԱԺ նիստից ուշացել։ Փորձում է հասկանալ, թե որքանո՞վ է հիմնավոր կամ անհիմն նրա պատասխանը, պատմել է լրատվականը։

Դեկտեմբերի 10-ին մամուլը գրել էր, որ ՔՊ-ն պատգամավորության թեկնածու առաջադրվածներին մանրակրկիտ քննում է, որ հասկանա՝ դուրս թողնե՞լ մրցակցությունից, թե՞ հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպե՞ս անել, որ ձևավորի ՔՊ-ի՝ իր համար ցանկալի նախընտրական ցուցակն առանց օրենքի շրջանցման:

Leave a Comment