Ռազմական ոստիկանությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցում է ուղարկել ԲԿ-ներ․ ԶԼՄ

Ռազմական ոստիկանությունը «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցում է ուղարկել բժշկական կենտրոններ, գրում է 24news-ը։

Ըստ կայքին հասանելի դարձած փաստաթղթի՝ ՌՈ-ն փորձում է հասկանալ, թե արդյո՞ք Կարապետյանը բուժվել է իրենց մոտ, եթե բուժվել է, ապա երբ և ինչ խնդրից։

Նշվում է, որ հարցումն ուղարկվել է բժշկական բազմաթիվ կենտրոնների, նույնիսկ մանկական ատամնաբուժարանների։ Կայքը հավելել է, որ ՌՈ-ի հարցումը «օպերատիվ-հետախուզական» օրենքի շրջանակներում է։

Ստորև ԶԼՄ-ին հասանելի դարձած փաստաթուղթն է։

Կարապետյանը ընդդիմադիր «Մեր ձևով» շարժման համակարգողն է։ Շարժումն ստեղծվել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, որին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։

«Մեր ձևով»-ն առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել էր էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։

Leave a Comment