Երջանիկ է նա, ով կյանքում մեծ սեր ու մեծ երազանք ունի․ Վերոնիկա Զոնաբենդ

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը սոցիալական ձեռնարկատեր եւ բարերար, Ռուբեն Վարդանյան եւ Վերոնիկա Զոնաբենդ հիմնադրամի (RVVZ) եւ բարեգործական այլ հիմնադրամների ու ծրագրերի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի հետ

(Հարցազրույցը կայացել է նախքան դեկտեմբերի 18-ը, երբ Բաքվում պետական մեղադրողը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջել)։

– Ադրբեջանում շարունակվում է այն ֆարսը, որն այնտեղ «դատավարություն» են անվանում։ Հույս կա՞, որ Ռուբեն Վարդանյանը եւ մյուս հայ գերիները ազատ կարձակեն։

-Ցավոք, լավ նորություններ չկան։ Այս շաբաթ հայտարարվեց, որ «դատաքննությունն ավարտված է», եւ առաջիկայում կսկսվի դատական բանավեճերի փուլը։ Միեւնույն ժամանակ անհասկանալի է, թե ում միջեւ են դրանք լինելու։ Դատական նիստերին ոչ մի անկախ փորձագետի թույլ չեն տալիս ներկա գտնվել: Մեկ տարվա լսումների ընթացքում դատարանը  չի բավարարել Ռուբենի եւ նրա փաստաբանի գործնականում եւ ոչ մի միջնորդություն ու հարցում, իսկ այդ միջնորդություններից եւ հարցումներից շատերը մինչ օրս մնում են անպատասխան։ Թեեւ դատական նիստերը իբր բաց են համարվում, բայց դրանց թույլ են տալիս մասնակցել միայն ցուցակներով, իսկ դատարանի դահլիճը շրջափակված է ոստիկաններով։ Այսպես կոչված տուժողները եւ նրանց հարազատներն ասում են, որ «Վարդանյանի հետ չեն հանդիպել, անձամբ չեն ճանաչում նրան, նրա մասին գիտեն միայն  լրատվամիջոցներից, բայց համարում են, որ նրա նկատմամբ պետք է կիրառվեն ամենախիստ միջոցները»։ Ընդ որում, վկաներից եւ ոչ մեկը, որոնց նա խնդրել է հրավիրել, չի կանչվել դատարան՝ ցուցմունք տալու: Ակնհայտ է, որ դատարանի որոշումը իրավական դաշտից դուրս է լինելու։ Ավելին, այսպես կոչված դատական ողջ գործընթացն արդարադատության լիակատար մերժում է:

Ռուբենին, բարեբախտաբար, դեռ թույլ են տալիս զանգահարել շաբաթը մեկ անգամ, երբեմն երկու անգամ՝ 10 րոպեով։ Ոչ ես, ոչ էլ մեր ընտանիքի մյուս անդամներն իրական տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի վերաբերյալ. այդ մասին կարող ենք դատել միայն նրա ձայնով։ Այս ողջ ընթացքում, բացառությամբ միայն մի քանի շաբաթների, Ռուբենը պահվել է մենախցում։ Նա գրեթե ամբողջությամբ մեկուսացված է, ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի։ Արտաքին աշխարհի հետ նրա միակ կապը նրա ընկերների եւ այն մարդկանց  նամակներն են, ովքեր ցանկանում են նրան զորակցել։

Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր գրում են Ռուբենին։ Հասկանում եմ, որ այդ նամակներից միայն քչերն են հասնում նրան, բայց նրա համար դա շատ կարեւոր է։ Ընկերական աջակցությունը եւ այն գիտակցումը, որ իրեն հիշում են, նրան ուժ են տալիս։ Այս տարի, անցյալ տարվա պես, Ռուբենի համար կազմակերպում ենք Նոր տարվա շնորհավորանքների կենտրոնացված ուղարկում։ Նամակ գրելու եւ ուղարկելու մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են FreeVardanyan.com կայքի՝ «Նամակ Ռուբենին» բաժնում։

Ցավալի է, որ Ադրբեջանից Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հեռանալուց հետո մենք զրկվեցինք Ռուբենի համար կարճ տեսաուղերձներ ձայնագրելու հնարավորությունից։ Ի դեպ, առաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել ԿԽՄԿ ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում տրամադրել Ռուբենի կարգավիճակի վերաբերյալ այն ժամանակահատվածի համար, երբ կազմակերպության ներկայացուցիչներն այցելում էին նրան Ադրբեջանում պահվելու ընթացքում: Սա սկզբունքային  նշանակություն ունի Ռուբենի բոլոր իրավունքները հասկանալու եւ հետագա քայլերի ձեռնարկման տեսանկյունից՝ նրա իրավունքներն ու շահերը, այդ թվում՝ միջազգային ատյաններում, պաշտպանելու համար:

Ասեմ, որ, չնայած այս ծանր իրավիճակին, Ռուբենն անկոտրում է. շատ է կարդում, զբաղվում է յոգայով։ Մեր մասին նա ավելի շատ է անհանգստանում, քան իր մասին: Բացի այդ, պետք է ընդունել, որ այսօր աշխարհում կատարվող շատ բաներ նա կանխատեսել էր:

-Ռուբենի ոգու արիությունը եւ հաստատակամությունը չեն կարող չհիացնել, իսկ Դուք ինչպե՞ս եք դիմակայում, երբ նա Ձեր կողքին չէ։ Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս։

– Հավատն առ այն, որ փորձությունները տրվում են ըստ մեր ուժերի, եւ յուրաքանչյուրը պետք է կրի իր խաչը։ Ու նաեւ այն հավատամքը, որ բարին ու սերը հաղթում են։ Երջանիկ է նա, ում կյանքում կա մեծ սեր եւ մեծ երազանք, հետեւաբար, չնայած այս ամենին, մենք Ռուբենի հետ շարունակում ենք երազել, իսկ մեր սերը փորձություններից միայն ամրապնդվում է։ Մենք հիանալի երեխաներ ունենք, որոնք աջակցում են մեզ  եւ մեծ էներգիա են տալիս։ Նրանք միանգամից մի տեսակ ավելի իմաստուն դարձան, եւ նրանց այդ վարքագիծը հաստատում է, որ եթե անում ես այն, ինչին հավատում ես, ապա երեխաները հետո հպարտանալու շատ առիթներ են տալիս:

Ու նաեւ զբաղվում եմ նրանով, ինչը ուրախություն, ոգեշնչում եւ պետք լինելու զգացում է բերում։ Դա նույնպես մեծ էներգիա է տալիս։ Իմաստ չունի տխրել, վիրավորվել զարհուրելի անարդարությունից եւ մտածել վրեժխնդրության մասին։ Այդ ամենը շատ ուժ եւ էներգիա է խլում։ Ռուբենը մեր հեռախոսային խոսակցություններում հաճախ ասում է, որ նա բոլորին սիրում է՝ ոչ միայն ընկերներին, այլեւ՝ թշնամիներին։ Ժամանակն է դատավորը, եւ յուրաքանչյուրն իր արածի համար կհատուցի։ Կարեւոր է մարդ մնալ ցանկացած հանգամանքներում եւ հավատալ։

-Ռուբենի ապօրինի ձերբակալությունից հետո մեզ հետ հարցազրույցում ասել էիք, որ, չնայած բոլոր դժվարություններին, «մեր նախագծերը չեն դադարում, քանի որ դրանք երկարաժամկետ են»։ Դա դեռ այդպե՞ս է։

– Այդպես է: Այդ նախագծերը նախատեսված են առնվազն 20-25 տարվա համար։ Մենք շատ բանի ենք հասել, թեեւ նախատեսած ամեն ինչ չէ, որ հաջողվել է իրականացնել՝ օբյեկտիվ պատճառներով։ Ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ աշխարհն է մտել այն «կատարյալ փոթորկի» մեջ, որի մասին Ռուբենը խոսում էր դեռ 15 տարի առաջ. պատերազմներ, համավարակ, շարունակվող ֆինանսական ճգնաժամ, աշխարհաքաղաքական խնդիրներ, էլ չեմ խոսում վերջին տարիների բազմաթիվ այլ դժվարությունների ու սահմանափակումների մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Leave a Comment