Arnold & Porter ընկերությունը, որին կառավարությունը 3 մլն 250 հազար դոլար պետք է վճարեր արբիտրաժում ՀԷՑ-ի շահերը ներկայացնելու հարցով, հրաժարվել է գործից, քանի որ կանխատեսել է պարտությունը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ընկերությունը գործի բնույթի մեջ խորամուխ լինելուց հետո հասկացել է, որ հաղթելու շանսերը մեծ չեն, ու հրաժարվել է։ Նոր ընկերությանը՝ Foley Hoag LLP-ին, ավելի մեծ գումար են վճարելու՝ հաշվի առնելով գործի բարդությունը։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։ ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։
