19 դեկտեմբերի 2025 – 11:00 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 18-ին տեղի են ունեցել հերթական Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, ստորագրվել է պաշտպանական համագործակցության 2026–ի ծրագիրը,որը ներառում է մի քանի տասնյակ միջոցառումների իրականացում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում։:
Քննարկումները ղեկավարել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների տնօրինության տնօրեն, բրիգադի գեներալ Խրիստոս Սպիրոպուլոսը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2025 թվականին արդեն իրականացված աշխատանքները պաշտպանական ոլորտում և առաջիկա՝ 2026 թվականի համագործակցության ուղղությունները։
Կողմերն ընդգծել են, որ համատեղ ջանքերի արդյունքում երկու երկրների համագործակցությունն անցել է որակապես նոր փուլ՝ ոչ միայն ծավալով, այլև բովանդակային հագեցվածությամբ։ Նշվել է, որ այս համագործակցությունն այժմ համալիր բնույթ ունի՝ ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ։
Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերի վերափոխման ընթացքը։
Զրուցակիցները անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի։