19 դեկտեմբերի 2025 – 10:40 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը, անդրադառնալով Մայր Աթոռի շուրջ իրադարձություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ծանր փորձության միջով ենք անցնում ազգովի։
«Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հանուր հայության հոգևոր կենտրոն Սրբություն Սրբոցն անսասան է՝ իր ազգընտիր և Օծյալ սրբազնագույն վեհափառ հայրապետով:
Ծանր փորձության միջով ենք անցնում ազգովին. Աստված մեզ ապավեն ու զորավիգ:
Յուրաքանչյուրս պատասխան ենք տալու մեր խղճի, մեր ազգի, Հայոց պատմության առջև. յուրաքանչյուրս ներկայանալու ենք Ամենակալ Աստծո ահեղ դատաստանին:
Պատմական է թե՛ մեր նվիրումն ու հավատարմությունը, մեր սուրբ ուխտի պահպանումը, թե՛ մեր վատահոգությունն ու դավաճանությունը…
Որպես հոգևորական, որպես մի համեստ հայ քրիստոնյա երախտագիտությունս եմ հայտնում իմ սիրելի ազգակիցներին, որ այսօր ուխտի էին եկել Մայր Աթոռ՝ իրենց սրտագին աղոթքը մատուցելու Մայր Տաճարում և որպես Եկեղեցի Հայկական իրենց նվիրումն ու հավատարմությունը հայտնելու առ Հայոց Հայրապետը և մեր եկեղեցական նվիրական կարգն ու կանոնը:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում պետականամետ մեր պատվարժան պատգամավորներին և քաղաքական ու հասարակական գործիչներին, ովքեր պատասխանատվության բարձր գիտակցությամբ, հանուն Մայր Եկեղեցու ինքնիշխանության, ազգային համերաշխության ու միասնության անեղծ պահպանման, աղոթքի էին եկել Մայր Աթոռ:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև արժանապատիվ ոստիկաններին, ովքեր Սրբավայրի հանդեպ պատշաճ ակնածանքով ու բարեպաշտությամբ իրականացրեցին իրենց ծառայությունը:
Իմ ջերմագին շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր սիրելի լրագրողներին, ովքեր նախանձախնդիր ու նվիրումով կյանքի են կոչում իրենց կարևորագույն առաքելությունը՝ լուսաբանելով և ճշմարտությունն ամենքիս հասանելի դարձնելով՝ ի շահ մեր երկրի, մեր ազգի և ի փառս մեր Սուրբ Եկեղեցու:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելիներ, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ քրիստոսակերտ այս Մայր Աթոռից ամոթահար ու գլխիկոր կհեռանան:
Թող Ամենազոր Աստված առատապես օրհնի մեր բնօրրան Մայր Հայրենիքը, անսասան պահի ու պահպանի Հայոց պետությունն ու պետականությունը:
Թող հար ապրի ու բարգավաճի Ազգս հայոց՝ իր Մայր Աթոռից հանապազ բխող սիրով, հույսով, հավատքով ու լույսով զորեղացած ու պայծառացած»,–ասվում է գրառման մեջ։
Մայր Աթոռի բակում տեղի ունեցած երկու զուգահեռ հավաքների մասնակիցների թիվը հաշվարկվել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից՝ աէրոնկարահանման միջոցով։
Նշվում է, որ դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռի տարածքում կազմակերպվել են երկու հակադիր ուղղվածությամբ հանրային հավաքներ։ Առաջին խմբի ներկայացուցիչները, որոնք ժամանել են Մայր Աթոռ տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի կոչերով, հանդես են եկել որպես Գարեգին Բ Կաթողիկոսի աջակիցներ և սկսել են հավաքվել ժամը 15։30-ից։ Երկրորդ խմբում եղել են քաղաքացիներ, ովքեր, արձագանքելով 10 եպիսկոպոսի հորդորին, պահանջել են կաթողիկոսի հրաժարականը։
Երկու հավաքների մասնակիցներն առանձնացվել են ոստիկանական պատնեշի միջոցով։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աէրոնկարահանման կիրառմամբ իրականացրել է երկու հավաքների մասնակիցների քանակական գնահատում։ Նկարահանման վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ ժամը 17։40-ի դրությամբ Մայր Աթոռի բակի հատվածում՝ կաթողիկոսի կողմնակիցների տարածքում, գտնվել է 2200 մարդ, մինչդեռ հրաժարական պահանջող քաղաքացիների հատվածում՝ մոտ 1020 մարդ։
Հաշվարկման մեջ ներառված չեն ոստիկանները, որոնք կանգնած են եղել շարքով, ինչպես նաև նրանք, ովքեր գտնվել են եկեղեցու ներսում կամ այլ շինություններում։
Մասնակիցների թիվը հաշվարկվել է անհատապես՝ յուրաքանչյուր մասնակցի առանձին հաշվառմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։
«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։