Բաքվի դատարանում խոսել են Ռուբեն Վարդանյանի և «ՈՄԱ»-ի հիմնադիր Վովա Վարդանովի միջև կապի մասին


Միջազգային


Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել ապօրինի գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործի հերթական նիստը:

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը իր ելույթում նշել է. «Այս ամենը նշանակալից է, քանի որ Ռուբեն Վարդանյանը, միանալով այսպես կոչված հանցավոր կազմակերպությանը, գիտակցել է իր գործողությունների հասարակական վտանգավորությունը, գիտեր, թե ինչ է կատարել այդ խումբը Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի դեմ և շարունակել է մասնակցել այդ ամենի կատարմանը հետագա փուլերում»:

Շարունակելով իր ելույթը՝ դատախազը, հղում անելով Ռուբեն Վարդանյանի Ստեփանակերտում 2023 թվականի հոկտեմբերի 26-ի անցկացված արձանագրությանը, ինչպես նաև օպերատիվ տեղեկատվությանը և այլ փաստաթղթերին, նշել է.

«Այս փաստաթղթերը հաստատում են, որ Ռուբեն Վարդանյանը 2020 թվականի դեկտեմբերի սկզբին միացել է կազմակերպությանը: Մեղադրողը, աջակցելով պետական ​​մեղադրանքին, նաև հաղորդել է Ռուբեն Վարդանյանի կապերի մասին Վովա Վարդանովի հետ, որը «ՈՄԱ» կազմակերպության հիմնադիրն է, որը մասնակցել էր Ադրբեջանի  զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին: «ՈՄԱ»-ն ստեղծվել է 2013 թվականի հունվարի 11-ին և գործել է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Արցախում»,-նշել է Ալիևը:

Դատարանում նշվել է նաև, որ Ռուբեն Վարդանյանը, որի հետ Վովա Վարդանովը կանոնավոր կապ է պահպանել, քննարկել է զինվորների և հրահանգիչների պատրաստումը, վարժանքների կազմակերպումը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի դեմ գործողությունների կատարումը: Պարզվել է նաև, որ Ռ. Վարդանյանը ստանձնել է այս կազմակերպությանը և դրա անդամներին ֆինանսավորելու պատասխանատվությունը։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ռ. Վարդանյանի դեմ առաջադրված հաջորդ մեղադրանքը վերաբերում է այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության պետական ​​սահմանի անօրինական հատմանը։

Հաջորդ ապօրինի դատական ​​նիստը նշանակված է դեկտեմբերի 26-ին։


Leave a Comment