Կատարի Պետությունում կայացել է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (CoSP11) 11-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպված հատուկ միջոցառումներից մեկը, որը նվիրված էր «Իրական շահառուի թափանցիկություն. հանձնառությունից մինչև ազդեցություն» թեմային։
Համաժողովին ՀՀ Արդարադատության նախարարությունը հանդես է եկել որպես համակազմակերպող պետություն՝ կարևորելով միջազգային համագործակցության և լավագույն փորձի փոխանակման դերը կոռուպցիայի դեմ պայքարում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Պանելային քննարկմանը ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում իրական շահառուների հայտարարագրման ինստիտուտը և դրա ներդրման օրենսդրական կարգավորումները։ Տաթև Մկրտչյանը նաև մանրամասն ներկայացրել է իրական շահառուների ռեգիստրի հնարավորությունները, որոնք տեղեկատվական համակարգն առաջարկում է՝ նպաստելով պետական և մասնավոր հատվածներում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։