Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը ներկայացրել են իրենց ավանդական Սուրբծննդյան բացիկը։ Դրա համար բրիտանական թագավորական ընտանիքը կրկին օգտագործել է հին լուսանկար։ Այս տարվա ապրիլին արված լուսանկարում արքայազն Ուիլյամը և 43-ամյա Քեյթը Նորֆոլկում իրենց երեք երեխաների՝ 12-ամյա արքայազն Ջորջի, 10-ամյա արքայադուստր Շառլոթի և յոթամյա արքայազն Լուիի հետ են։
«Մաղթում ենք բոլորին շատ ուրախ Սուրբ Ծնունդ», – գրել են Ուելսի արքայազնը և արքայադուստրը բացիկի տակ, որը լուսանկարիչ Ջոշ Շինների կողմից է արվել։ Նկարահանումը համընկել է արքայազն Լուիի յոթերորդ ծննդյան օրվա հետ։
Անցյալ տարի ևս ընտանիքը բացիկի համար օգտագործել է արխիվային լուսանկար, բայց դա կարող էր բացատրվել արքայադստեր քաղցկեղի բուժումով և քիմիաթերապիայից ապաքինմամբ։
Չարլզ III թագավորի որդին՝ արքայազն Ուիլյամը, և Քեյթ Միդլթոնը ամուսնացել են 2011 թվականին և մեծացնում են երեք երեխա։ 2024 թվականի մարտին Ուելսի արքայադստեր մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Գրեթե մեկ տարի բուժումից հետո նա հայտարարել է, որ գտնվում է ռեմիսիայի մեջ։ Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ հիվանդությունը վերադարձել է, և Միդլթոնը կեղծամ է կրում, սակայն այդ լուրերը չեն հաստատվել։
