Նիկոլ Փաշինյան. հայ իրականության Գապոնը

Փաշինյան՝ հայ իրականության Գապոնը

Վերահանի վրա երկար նախապատրաստված գրոհն ավարտվեց։ Քաղաքացիները խաղաղ ու հաստատապես կանգնեցին եկեղեցու պաշտպանության դիրքերում։

Ի՞նչ գնահատական կարելի է տալ դեկտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած իրադարձությանը, արդյո՞ք Փաշինյանի ծրագիրը ձախողվեց։

Քաղաքական և փորձագիտական համայնքներից զգուշացնում էին, որ այսօրինակ ցույցը ձախողվելու է, բախվելու է քաղաքացիների լուրջ դիմադրությանն ու ոչ մի արդյունքի չի հասնելու։ Մարդիկ հորդորում էին իշխանություններին Վեհարանի ուղղությամբ գրոհ չձեռնարկել։ Ամենազդեցիկ հորդորը շարունակում է մնալ ՀՀ առաջին նախագահի հոլիսի 23-ին արած զգուշացումը։

«Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը և անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազաններին և Սամվել Կարապետյանին։ Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, և թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսևորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների և արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին», – ընդգծել էր Հայաստանի առաջին նախագահը:

Այս հորդորից հետո շատերը սկսեցին Նիկոլ Փաշինյանի համեմատել Գապոն քահանայի հետ։ Վեհարանի վրա սպասվող գրոհի մասին խոսողները ենթադրում էին, որ Փաշինյանը բախում է հրահրելու Մայր Աթոռի մոտ։ Ոմանք նույնիսկ կարծիք էին հայտնում, որ նա հայճույք և ուժ կարող է ստանալ ենթադրյալ բախումներից։ Սակայն Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստից հետո, լրագրողների հետ ճեպազույցում նա հրապարակավ բացառեց, որ բախումներ կարող են լինել դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի մոտ։ Այսպիսով՝ լրագրողների հարցի արդյունքում դրվեց գրոհի ձախողման առաջին քարը։

Բախումներ թույլ չտալու համար ջանք գործադրեցին նաև ոստիկանները, պարեկները, որոնք մեծ թվով ուժեր էին կուտակել Մայր Աթոռում։ Եվ ուժայինների այս մեծ ներկայությունը զսպեց ՔՊ-ականներին, Վեհարանի վրա գրոհի պատրաստվածները վախեցան բախումներ սադրելուց։

Ճիշտ է, որոշ ՔՊ-ականներ շատ ագրեսիվ էին տրամադրված, մի քանի անգամ վանկարկեցին՝ «Կտրիճ, հեռացի՛ր», փորձեցին հարձակվել լրագրողների վրա, սակայն խիզախություն չունեցան և արյունալի բախումներ չկարողացան հրահրել։

Եթե կար բախումներ սադրելու խնդիր կամ հրահանգ, ապա ՔՊ-ականները ձախողեցին պլանը, իսկ ոստիկաններն էլ թույլ չտվեցին, որ փոքր սադրանքները մեծանան ու վերաճեն արյունալի բախումների։ Եկեղեցու պաշտպանները ևս մնացին քաղաքացիական բարձրության վրա և չտրվեցին ՔՊ-ականների սադրանքներին։ Ոստիկանների բիրտ գործողությունները, անմարդկային հրմշտոցը ևս հանրային համարժեք արձագանք չստացան և մեծ բախումներ չարձանագրվեցին։

Գարեգին Բ-ին հանգստի ուղարկելու պահանջով հանդես եկող 10 եպիսկոպոսները բավարարվեցին մի քանի սադրիչ ելույթներով և նամակ հանձնելով։ Տեսնելով, որ ժողովուրդն իրենց չի աջակցում, նրանք հանրային հանդիմանանքների և սուլոցների տակ հեռացան, սակայն խոստացան, որ էլի են գալու։ Նրանց հեռացումից հետո ՔՊ-ականները մնացին անտեր ու ևս ցրվեցին։

Այսպիսով՝ Վեհարանի ուղղությամբ առաջին գրոհը ձախողվեց, ՔՊ-ական ամբոխը չկարողացավ ներխուժել Վեհարան, մեծ բախումներ տեղի չունեցան, արյուն չհեղվեց։ Սակայն մտավախություն կա, որ Փաշինյանը չի հրաժարվի կաթողիկոսափոխության պլանից, կրկին կկազմակերպի Վեհարանի վրա գրոհ և այդ անգամ արյունալի բախումներ կհրահրի, ապացուցելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշումը՝ դառնալով հայ իրականության Գապոնը։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment