Ձերբակալվածներ չկան, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է։
Այս մասին հայտնել է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանին։
Նշվում է, որ ձերբակալվածներ չկան:
Նշենք, որ այսօր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հավատավորներին կոչ է արվել մասնակցել աղոթքին՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված զավակների և Հայ Եկեղեցու անսասանության համար։
Պատարագից առաջ տասը եպիսկոպոսներ կոչ են արել հոգևորականներին ու հավատավոր ժողովրդին միավորվել՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչ անելու պահանջով։
Նրանք նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հեռացումը։
Պատարագին մասնակցել են տարբեր քաղաքական ուժերի, հավատացյալների և քաղաքացիական հասարակության անդամների ներկայացուցիչներ: Մայր Տաճարի տարածքում տեղակայվել են աննախադեպ թվով ոստիկաններ:
Բազմությունը բաժանվել է երկու մասի. Մի մասը վանկարկում էր «Վեհափառ», մյուսը՝ «Հեռացե՛ք»։