Կատարի «Լուսայիլ» մարզադաշտում կայացավ ՖԻՖԱ-ի Արաբական գավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ Մարոկկոյի հավաքականը դրամատիկ պայքարում՝ լրացուցիչ ժամանակում կորզեց հաղթանակը Հորդանանի նկատմամբ։
Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացեց մարոկկացի Ուսամա Տաննանեն՝ հեռահար ֆանտաստիկ հարվածով, որը, ըստ մասնագետների, կարող է հավակնել Պուշկաշի մրցանակին։ Սակայն Հորդանանը կարողացավ հետ բերել կորցրածը և նույնիսկ առաջ անցնել հաշվի մեջ․ մրցաշարի լավագույն ռմբարկու Ալի Օլվանը դուբլ ձևակերպեց (48-րդ րոպեին և 68-րդ րոպեին՝ 11 մետրանոցից)։
Երբ թվում էր, թե գավաթը բաժին կհասնի Հորդանանին, խաղի մեջ մտավ Աբդերազակ Համդալլան։ Նա նախ 88-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ, իսկ 100-րդ րոպեին խփեց հաղթական գնդակը։
Հորդանան 2։3 Մարոկկո [Տեսանյութ]
Երրորդ տեղի համար նախատեսված Սաուդյան Արաբիա — Արաբական Միացյալ Էմիրություններ հանդիպումը անորոշ ժամանակով հետաձգվել է՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ ՖԻՖԱ-ն որոշումը կկայացնի ավելի ուշ։