Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների տնօրինության տնօրեն, բրիգադի գեներալ Խրիստոս Սպիրոպուլոսը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ 2025 թվականին կատարված աշխատանքները և 2026 թվականի ծրագրերը։
Կողմերը նշել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ համագործակցությունը բարձրացել է որակական նոր մակարդակի ոչ միայն քանակական, այլև բովանդակային առումով։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
Դեկտեմբերի 17-ին Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել էին 2026-ի պաշտպանական համագործակցության ծրագիրը։
