Անդամակցությունն այս պահին անհնար է. Ինչպե՞ս է Արևմուտքը պաշտպանելու Ուկրաինային խաղաղության պայմանագրից հետո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ այն իրավիճակում, երբ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին կմնա անհասանելի, անվտանգության երաշխիքները պետք է լինեն այնպիսին, որ Ռուսաստանի կողմից կրկնակի հարձակման դեպքում հետևանքները լինեն «կործանարար»։

Այս մասին նա ասել է հինգշաբթի օրը Լեհաստանում՝ Բեմովո Պիսկեում, Լեհաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատասխանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ լրագրողների հարցին՝ Ռյուտեն առանձնացրել է «սկզբունքային և գործնական տարրերը»։ «Սկզբունքային տարրն այն է, որ եվրատլանտյան տարածաշրջանի ցանկացած երկիր կարող է անդամակցության հայտ ներկայացնել։ Դա Վաշինգտոնյան պայմանագիրն է։ Եվ 2024 թվականին Վաշինգտոնի գագաթնաժողովում դաշնակիցները պայմանավորվեցին Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անդառնալիության շուրջ»,- պարզաբանել է նա։

Ինչ վերաբերում է գործնական տարրին, ապա, ըստ գլխավոր քարտուղարի, այն կայանում է նրանում, որ «հենց հիմա մի քանի դաշնակիցներ ասում են, որ իրենք համաձայնություն չեն տա և, հետևաբար, ձեռնպահ կմնան Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու միաձայն քվեարկությունից. այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունգարիան, Միացյալ Նահանգները, Սլովակիան և, հնարավոր է, ևս մի քանիսը»։

«Սա գործնական մասն է։ Այսպիսով, մնում է հարցը. եթե կնքվի երկարաժամկետ հրադադարի կամ լիարժեք խաղաղության համաձայնագիր, ինչպե՞ս կարող ենք կանխել ռուսների կրկնակի հարձակումը Ուկրաինայի վրա։ Ինչպե՞ս կարող ենք կանխել այն ամենի կրկնությունը, ինչ տեղի ունեցավ 2014-2015 թվականներին Մինսկի II պայմանավորվածություններից հետո։ Եվ հենց այստեղ են գործի դրվում անվտանգության երաշխիքները։ Դրանք, այն տեսքով, որով հիմա մշակվում են, ունեն երեք մակարդակ»,- նշել է Ռյուտեն։

Գլխավոր քարտուղարը մանրամասն պարզաբանել է այդ մակարդակները.

  1. Առաջին մակարդակ. Ուկրաինայի զինված ուժերը։

  2. Երկրորդ մակարդակ. Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորությամբ ձևավորված «կամեցողների կոալիցիան», որը վերջին ամիսներին մշակում է տարբերակներ, թե ինչպես եվրոպացիները կարող են Կանադայի հետ միասին օգնել խաղաղության պահպանմանն այստեղ։

  3. Երրորդ մակարդակ. ԱՄՆ-ը. ամերիկացի նախագահն օգոստոսին հայտարարել էր, որ ցանկանում է, որ ԱՄՆ-ը լինի այդ երաշխիքների մաս։ Այժմ քննարկումներ են ընթանում, թե կոնկրետ ինչ է դա նշանակելու և ինչպիսին կլինի երաշխիքների հավաքական փաթեթը։

Ռյուտեն ընդգծել է, որ այս քննարկումը «չափազանց կարևոր է»։ «Որովհետև խաղաղության համաձայնագրից հետո, եթե ոչ ՆԱՏՕ-ն (իսկ անդամակցությունը ՆԱՏՕ-ին գործնական պատճառներով այժմ անհնար է), ինչպե՞ս կարող ենք կանխել ռուսների հետագա հարձակումը։ Պուտինը պետք է իմանա, որ խաղաղության համաձայնագրից հետո, եթե նա նորից փորձի հարձակվել Ուկրաինայի վրա, արձագանքը կլինի կործանարար։ Եվ հենց այդպես ենք մենք մշակում անվտանգության այս երաշխիքները»,- վստահեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Leave a Comment