Կատարյալ սեր

Տե՛ր, տուր մեզ կատարյալ Սերը, որ հեռու

վանենք ամեն երկյուղ:

Երբե՛ք թույլ մի տվեք ձեզ` վախենալ որևէ մեկից կամ որևէ բանից: Բնավ մի՛ վախեցեք, թե Ես կարող եմ հուսախաբ անել ձեզ:

Մի՛ վախեցեք, թե ձեր հավատքը կարող է հուսախաբության մատնել ձեզ: Մի՛ վախեցեք աղքատությունից ու առանձնությունից: Բնա՛վ մի անհանգստացեք, թե ճանապարհը չգտնելով` կարող եք մոլորվել:

Մի՛ վախեցեք ուրիշներից ու նրանց անհասկացողությունից:

Սակայն, Իմ որդինե՛ր, վախի այս բացարձակ բացակայությունը` արդյունքն է այն կատարյալ սիրո, որ պետք է ունենաք Իմ և Իմ Հոր հանդեպ:

Զրուցեք Ինձ հետ ամեն բանի մասին:

Ամեն պահ լսեք Ինձ:

Զգացեք Իմ պայծառ մոտիկությունը և անմիջապես փարատեք վախը` Իմ մասին մտածելով:

Չարի ուժերը ուշի ուշով հետևում են ձեզ, ինչպես պաշարող բանակն է հետևում պաշարված քաղաքին. երկու դեպքում էլ նպատակը նույնն է` թույլ տեղ գտնել և հարձակում գործելով` ներս մտնելու հնարավորություն ստանալ:

Չարը այսպես անընդհատ հսկում ու շրջում է ձեր շուրջը` փորձելով վախի ազդեցությամբ անակնկալի բերել ձեզ:

Վախի պատճառը կարող է շատ չնչին բան լինել, բայց այն հնարավորություն է տալիս չարին` հարձակվելու ու թույլ տեղ գտնելով` ներս մտնելու: Անգամ փոքր-ինչ տեղի տալու դեպքում անմիջապես հետևում է վհատությունը, կասկածն Իմ մասին, հուսահատությունը և տկարության այլ արտահայտություններ:

Աղոթե՛ք, Իմ սիրելի՛ որդիներ, որպեսզի ստանաք այդ կատարյալ սերը: Սերը, որ իրոք հեռացնում է ձեզնից ամե՛ն վախ:

Leave a Comment