Արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ. Գարեգին Բ-ն Մայր Աթոռից ուղերձով հանդես եկավ

Սուրբ Էջմիածինը ամենքիդ տունն է, հարազատ հոգևոր օրրանն՝ ամեն մի հայի, ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն


ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր քաղաքացիները հավաքվել էին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում։ Մի կողմում Վեհափառի աջակիցներն էին, մյուսում՝ նրա հեռացումը պահանջողները:


Նշենք, որ այսօր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հավատավորներին կոչ է արվել մասնակցել աղոթքին՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված զավակների և Հայ Եկեղեցու անսասանության համար։


Պատարագից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռից ուղերձով հանդես եկավ։


Դիմելով հավատավոր ժողովրդին՝ նա ընդգծեց՝ Սուրբ Էջմիածինը ամենքիդ տունն է, հարազատ հոգևոր օրրանն՝ ամեն մի հայի։


«Աստվածակառույց Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ հայոց ազգի միաբանության, մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, մեր հավատքի պայծառության անխորտակելի սրբությունն է։ Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաև ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել եկեղեցու առաքելությունը, ծառայեցնել եկեղեցին՝ Սուրբ Էջմիածինը, տարատեսակ նեղ շահերի։ Այդ մերժելի իրողությունը բաժանումներ է առաջացրել մեր ժողովրդի կյանքում, մասնատել մեր ժողողովրդին, տկարացրել ու թուլացրել մեր պետությունը»,- նշեց Հայոց Հայրապետը։


«Այսօր էլ տագնապալի օրեր ենք ապրում»,- ասաց Գարեգին Բ-ն՝ ընդգծելով, որ այս պայմաններում անհրաժեշտ է միասնական լինել։


«Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, եկեղեցի-պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, շարունակվում են հարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դեմ»,-ասաց նա։


Նրա խոսքով, Սուրբ Էջմիածնի դեմ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր։

«Ցավոք, (այն տեղի ունեցավ խմբ. ) նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր եկեղեցու պայծառության և մեր երկրի շինության համար»։


Հայրապետական գնահատանք բերելով եկեղեցու կողքին կանգնած հայորդիներին, նրանց, ովքեր եկեղեցու դեմ արշավի այս օրերին իրենց զորակցությունն են ցուցաբերում Մայր Աթոռին, ինչպես նաև այն հոգևորականներին, որոնք հաստատուն կանգնած են՝ ի պաշտպանություն կանոնական իրավունքի, Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձավ նաև ազատազրկված Սրբազան հայրերին՝ նշելով.


«Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լինի զերծ անօրինություններից, անարդարություններից, որոնց դառը հետևանքներն են կրում ապօրինի ազատազրկված մեր հոգևորականները, ազգային բարերարը, նվիրյալ հայորդիներ։ Փափագում ենք, որ մեզանում թագավորեն բարությունն ու գթասրտությունը, եղբայրասիրությունն ու համերաշխությունը։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի և չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին։ Միավորվենք բոլորս հայրենիքի և մեր Սուրբ եկեղեցու շուրջ, պահպանենք մեր միաբանությունը»,-ասաց նա։


Նա ընդգծեց, որ հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով,   ոչ թե առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակակակոնանական քայլերով։


«Հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր սրբազան հայրերին՝ վերադառնալ կանոնական դաշտ, գործել միայն մեր սուրբ եկեղեցու նվիրական կարգաց համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց»,-ասաց նա՝ Բարեպաշտ ժողովրդին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորելով այս զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, չտրվել սադրանքների։


«Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ՝ արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք, ձեր ամեն ինչը սիրով թող լինի։ Միասնաբար հայցենք, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող հույսով, հավատով ու սիրով»,-եզրափակեց Վեհափառ Հայրապետը։

Leave a Comment