ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023, 2024, 2025 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը՝ 12,045,690.6 հազար դրամի չափով: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 52 համայնքների 169 սուբվենցիոն ծրագիր: Ըստ նախարարի՝ այս համաֆինանսավորման արդյունքում կստացվի, որ 2025 թ. ընթացքում պետբյուջեից ընդհանուր առմամբ 33 մլրդ 635 մլն դրամի համաֆինանսավորում է արվել, որը տարեսկզբի բյուջետավորման համեմատությամբ ավելի քան 200 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ նախորդ տարվա կատարողականից՝ ավելի քան 2 մլրդ դրամով ավելի է:
Նիկոլ Փաշինյանը թվարկել է տարբեր համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները՝ ջրագծի ցանցի հիմնանորոգում, մանկապարտեզի վերակառուցում, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում, անցուղիների կառուցում, լուսավորության համակարգի կառուցում և այլն:
Վարչապետը, լայնածավալ ցանկը ներկայացնելուց հետո, նշել է, որ միայն այս տարի համայնքներում 150 միլիոն դոլարի ներդրում է արվել սուբվենցիոն ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով:
ՏԿԵ նախարարը տեղեկացրել է, որ 55 միլիարդ դրամ պետական բյուջեի միջոցներով հատկացվել է ճանապարհաշինարարությանը, որի պատվիրատուն եղել է ճանապարհային դեպարտամենտը, ևս 2 միլիարդ դրամ՝ պետական բյուջեից հրատապ ծրագրերի մասով և 2 միլիարդ դրամ՝ մասնակցային բյուջետավորման ծրագրի մասով։
«Այս տարի մոտավորապես ստացվում է՝ 300 միլիոն դոլարի չափով հատկացում է արվել մենակ այս թվարկված ծրագրերով, այսինքն՝ դպրոցները չենք ասում, մանկապարտեզները չենք ասում, առողջապահական կենտրոն, հուշարձանների նորոգումը չենք ասում: Սրանք աներևակայելի թվեր են, որոնք ներդրվում են»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

