Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տասը եպիսկոպոսները հայտարարել են, որ նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հեռացումը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տասը եպիսկոպոսները հայտարարել են, որ նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հեռացումը։
«Մեր առաքելությունն ավարտված է։ Հաջորդ անգամ մենք ձեզ հետ կլինենք՝ Մայր Տաճարից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»,- նշել են նրանք։
Նշենք, որ այսօր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հավատավորներին կոչ է արվել մասնակցել աղոթքին՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված զավակների և Հայ Եկեղեցու անսասանության համար։
Տասը եպիսկոպոսների հայտարարությունը
Տասը եպիսկոպոսներ, ովքեր օրեր առաջ հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դեկտեմբերի 18–ի երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ՝ արտահայտելով մտահոգություն Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ։ Նրանք քննադատել են Եկեղեցու կառավարման ընթացքը, նշել Եկեղեցու և պետության համար հնարավոր վտանգները և կոչ են արել հոգևորականներին ու հավատավոր ժողովրդին միավորվել՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչ անելու պահանջով։ «Դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն», – նշվում է եպիսկոպոսների հայտարարության մեջ»
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է հայտնել տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո հանրության մեջ առաջացած լարվածության կապակցությամբ։ Հայտարարությունում ընդգծվում է պատասխանատվության և զգաստության անհրաժեշտությունը՝ խուսափելու վտանգաշատ հավաքներից և գործելու բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Մայր Աթոռը հավատավոր ժողովրդին հորդորում է պահպանել հանդարտություն, չտրվել սադրիչ կոչերին և Մայր Աթոռ ուղղված քայլերը դրսևորել միայն աղոթքի, համերաշխության ու միասնականության շրջանակում։
Ոստիկանության հայտարարությունը
ՆԳՆ ոստիկանությունն իր հերթին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին և դրանից հետո հրապարակված հայտարարությունների ֆոնին սոցցանցերում արձանագրվել են սադրիչ բնույթի գրառումներ։ Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական և իրավիճակը թեժացնող գործողություններից, հարգել այլոց իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ծառայողների օրինական պահանջներին։ Նշվում է, որ ոստիկանությունը գործելու է օրենքի շրջանակում՝ ապահովելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, իսկ հակաօրինական դրսևորումները կարժանանան իրավական գնահատականի։
Նշենք, որ Դաշնակցության, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության, «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչնեըը հայտնել են, որ մեկնելու են Էջմիածին՝ ի պաշտպանություն Մայր Աթոռի։