ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պառակտում է եկեղեցին. Էջմիածնում լրագրողներին ասել է «Տաշիր» խմբի փոխնախագահ և «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պառակտում է եկեղեցին։ Էջմիածնում լրագրողներին ասել է «Տաշիր» խմբի փոխնախագահ և «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Սուրբ պատարագը սկսվել է այսօր ժամը 17:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Պատարագից առաջ Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներից բաղկացած խումբը կոչ է արել բոլորին հավաքվել Էջմիածնում և միանալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացման պահանջներին։ Այս հոգևորականները նախկինում մեղադրել էին Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին բարձրաստիճան հոգևորականների կողմից կատարված չարաշահումների դեպքերը թաքցնելու փորձերի մեջ։ Հաղորդվել է նաև, որ նրանք հանդիպել են վարչապետ Փաշինյանի հետ։
«Փաշինյանը ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ չի պայքարում Եկեղեցու դեմ, բայց մենք բոլորս գիտենք, որ նա ձերբակալում է քահանաներին և պայքարում հայ Եկեղեցու անկախության դեմ», – նշել է Կարապետյանը։
Նա հավելել է. «Նա ցանկանում է ցույց տալ, որ սա Եկեղեցու ներքին խնդիր է, բայց մեր արքեպիսկոպոսներից շատերը «շղթայվել» են իշխող իշխանությունների և ուժայինների կողմից»։
«Նրանք չկարողացան ոչինչ գտնել մեր հոգևորականության մեջ, ոչ մի կոմպրոմատ չաշխատեց, և բախումները անթույլատրելի են հայ հասարակության համար», – ասաց Կարապետյանը։
Էջմիածնում հավաքվել են տարբեր քաղաքական ուժերի, հավատացյալների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Մայր տաճարի տարածքում տեղակայվել են աննախադեպ թվով իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Ամբոխի մի մասը վանկարկում է «Վեհափառ», իսկ մյուսները՝ «Հեռացե՛ք»։
Նշենք, որ այսօր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հավատավորներին կոչ է արվել մասնակցել աղոթքին՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված զավակների և Հայ Եկեղեցու անսասանության համար։
Տասը եպիսկոպոսների հայտարարությունը
Տասը եպիսկոպոսներ, ովքեր օրեր առաջ հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դեկտեմբերի 18–ի երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ՝ արտահայտելով մտահոգություն Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ։ Նրանք քննադատել են Եկեղեցու կառավարման ընթացքը, նշել Եկեղեցու և պետության համար հնարավոր վտանգները և կոչ են արել հոգևորականներին ու հավատավոր ժողովրդին միավորվել՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչ անելու պահանջով։ «Դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն», – նշվում է եպիսկոպոսների հայտարարության մեջ»
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է հայտնել տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո հանրության մեջ առաջացած լարվածության կապակցությամբ։ Հայտարարությունում ընդգծվում է պատասխանատվության և զգաստության անհրաժեշտությունը՝ խուսափելու վտանգաշատ հավաքներից և գործելու բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Մայր Աթոռը հավատավոր ժողովրդին հորդորում է պահպանել հանդարտություն, չտրվել սադրիչ կոչերին և Մայր Աթոռ ուղղված քայլերը դրսևորել միայն աղոթքի, համերաշխության ու միասնականության շրջանակում։
Ոստիկանության հայտարարությունը
ՆԳՆ ոստիկանությունն իր հերթին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին և դրանից հետո հրապարակված հայտարարությունների ֆոնին սոցցանցերում արձանագրվել են սադրիչ բնույթի գրառումներ։ Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական և իրավիճակը թեժացնող գործողություններից, հարգել այլոց իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ծառայողների օրինական պահանջներին։ Նշվում է, որ ոստիկանությունը գործելու է օրենքի շրջանակում՝ ապահովելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, իսկ հակաօրինական դրսևորումները կարժանանան իրավական գնահատականի։
Նշենք, որ Դաշնակցության, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության, «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչնեըը հայտնել են, որ մեկնելու են Էջմիածին՝ ի պաշտպանություն Մայր Աթոռի։