ՀՀ-ն ակնկալում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կաջակցի Հարավային Կովկասում խաղաղության քայլերին

ՀՀ-ն ակնկալում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կաջակցի Հարավային Կովկասում խաղաղության քայլերին

18 դեկտեմբերի 2025 – 17:48 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանն ակնկալում է, որ Միավորված ազգերի կազմակերպության 10-րդ Գլխավոր քարտուղարը մշտական և հետևողական աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 15-ին Սլովենիայի նախագահությամբ կայացած «Առաջնորդություն հանուն խաղաղության» խորագրով բաց քննարկման ընթացքում։

Ինչպես հաղորդել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ ելույթում հատուկ ընդգծվել է ՄԱԿ-ի դերակատարության կարևորությունը գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։

ՀՀ-ն շեշտադրում է, որ այդ քայլերը պետք է հիմնված լինեն միջազգային իրավունքի սկզբունքների, ինչպես նաև ՄԱԿ Կանոնադրության նպատակների վրա՝ մասնավորապես պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխան հավասարության սկզբունքների հստակ պահպանմամբ։

Ժիրայր Անանյանը նաև նշել է, որ անցյալի չկարգավորված մարտահրավերները, ներկա սպառնալիքներն ու ապագայի անորոշությունները հիշեցնում են բազմակողմ դիվանագիտության լիարժեք գործարկման հրամայականի մասին՝ ՄԱԿ-ի առանցքային դերակատարությամբ։

«Վտանգավոր բևեռացվածության և աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում առավել քան երբևէ ընդգծվում է ՄԱԿ-ի դերակատարությունը՝ հակամարտությունների կանխարգելմանը, գլոբալ խաղաղության և անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը, կայուն զարգացման և մարդու իրավունքների և արժանապատվության ապահովմանը միտված ջանքերն առաջնորդելու հարցում»,- նշել է Անանյանը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment